Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրի կամավորներին
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունվարի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի կողմից 2015թ. դեկտեմբերին իրականացված «Ուրախ Ամանոր սահմանում» ծրագրի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը ներկայացրել է ծրագրի արդյունքները` ընդգծելով, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին նվերներ բաշխելուց առավել, նախաձեռնությունը կարևոր էր հոգևոր իմաստով: Այն հնարավորություն է ընձեռել մարդկանց հոգատարություն և սեր ցուցաբերել դիմացինի հանդեպ: Տեր Հայրը նաև էական է նկատել շուրջ ութսուն երիտասարդ կամավորների, որոնց թվում Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների` ներգրավվածությունը ծրագրի իրականացման աշխատանքներում:
Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել, որ երիտասարդ հայորդիների մեջ առկա է մարդասիրական և հայրենասիրական գործ կատարելու բարձր գիտակցությունը և պատրաստակամությունը, ինչը, Վեհափառ Հայրապետի համոզմամբ, բարի օրինակ պիտի լինի շատ և շատ երիտասարդների համար:
Հայոց Հայրապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցին, հավատարիմ իր առաքելությանը, շարունակելու է սոցիալական ծառայությունների միջոցով մշտապես իր կարիքավոր զավակների կողքին լինել, նաև նեցուկ կանգնել սահմանին հայրենիքը անձնվիրաբար պաշտպանող զինվորին:
Ամենայն Հայոց կաթողիկոսը հավելել է, որ այսօրինակ ծրագրերի իրականացումը նաև բարձրացնում է մարդասիրության և բարեգործության ոգին ու ապրումը` ուսուցանելով հայորդիներին իրենց վաստակից մաս և բաժին հանել կարոտյալների ու կարիքավորների համար: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն է հայտնել ծրագրի պատասխանատու Մարկոս քահանային և կամավորներին` վերջիններիս հորդորելով այսուհետ ևս մասնակցել նման բարեգործական ծրագրերին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: