Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրված գրքերի ճակատագիրը՝ հարցականի տակ
ОбществоՊարզվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2003 թվականից դադարեցվել է Սորոսի հիմնադրամի գործունեությունը, իսկ անցյալ տարվա նոյեմբերի վերջին գլխավոր դատախազությունը «Բաց հասարակություն» կազմակերպությանը՝ Սորոսի հիմնադրամին, Ռուսաստանի տարածքում անցանկալի կազմակերպություն ճանաչեց: Նույնիսկ հանգեցին այն եզրակացության, որ հիմնադրամի գործունեությունը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կառույցի հիմքերի և պետության անվտանգության համար: Դրան հաջորդեց այդ հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրված գրքերի ոչնչացման մասին տեղեկությունը, որին արդեն արձագանքել է մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ ստուգում է Սորոսի հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գրքերի ոչնչացման մասին տեղեկատվությունը, որը, նրա խոսքով, պատմական բացասական ասոցացիաներ կարող է առաջացնել, բայց, այնուամենայնիվ, կոչ է անում սպասել մինչև այդ փաստը հաստատվի:
«Գրքերի այրումը նույնպիսի հանցանք է, ինչպիսին հուշարձանների ոչնչացումը: Դա շատ տգեղ է և այնպիսի պատմական բացասական ասոցիացիաներ է առաջացնում, որ անթույլատրելի է»,- ասել է Մեդինսկին, ում խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նա տեղեկացրել է նաև, որ խնդրել է իրեն նյութեր տրամադրել, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Պատասխանելով հարցին, թե արդյոք գրքեր այրելը նախարարության հրահանգով չի եղել, նախարարն ասել է. «Դուք ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք»:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Վորկուտայի հանքաարդյունաբերական-տնտեսական քոլեջում առգրավվել և այրվել է 53 գիրք, որոնք հրատարակվել են Սորոսի հիմնադրամի աջակցությամբ: Ուխտինսկի պետական տեխնիկական համալսարանին նույնպես առաջարկել են ոչնչացնել նման գրականությունը, և համալսարանի գրադարանում հայտնաբերվել էր նման գրքերի 431 օրինակ:
Ա.Գ.