Օբամա´, բռնվի´ր, ՀՀԿ-ի տատիկը ԱՄՆ գալու ճանապարհին է
ОбществоՊարզվում է, որ հանրապեությունում հայտնի ՀՀԿ-ի տատիկը նոր չէ սկսել իր հասարակական-քաղաքական գործունեությունը: Նա ակտիվ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից ի վեր: Մասնագիտությամբ հաշվապահ է և, իր խոսքով, «դեբեդ-կրեդիտից» լավ է հասկանում՝ երկար տարիներ աշխատել է այդ բնագավառում: Մութ ու ցուրտ տարիներին կյանքի գնով Ռուսաստանից 20 տոննա միս է Հայաստան բերել: Ճանապարհին նրան է´լ չեչենն է կանգնեցրել, է´լ այլ ավտոմատավորներ, բայց խիզախ տատիկը նման ստից բաներից երբեք էլ չի վախեցել: Ավելին, միշտ էլ իր հնարամտության շնորհիվ դժվար իրավիճակներից առանց կորուստների է դուրս եկել ու դեռ մի բան էլ օգնել իր հայրենիքին: 90-ականների թեժ օրերին եղել է նաև Ադրբեջանից Հայաստան փոխչող հայ փախստականների կողքին: Ակտիվ այս տատիկը այսօր էլ այնտեղ է, որտեղ իր կարիքը կա: Ավելին, տեղյակ է ՀՀԿ-ի բոլոր նիստերից, բայց դրանց բովանդակության մասին գերադասում է լռել: Շփվող, մարդամոտ այս տարեց կինը, սակայն, բավականին զգոն է ու ամեն մեկի հետ խոսք ու զրույցի չի բռնվում, հատկապես լրագրողների, բայց արի ու տես, որ, ինչպես ասում են, որքան շատ փախչես, այնքան ավելի շուտ կհայտնվես նրանց տեսադաշտում:
Անկեղծության համար նշեմ, որ նրա հետ նույն ավտոբուսով երթևեկելը բավականին հետաքրքիր է: Ու չնայած շատերի կարծիքով, քանի որ մշտապես ՀՀԿ-ի կողքին է, ուրեմն դժվար որևէ խնդիր ունենա, բայց, պարզվում է, որ նա էլ խնդիրներ ունի: Ապրում է Զեյթունում գտնվող 18 քառակուսի մետրանոց 1 սենյականոց բնակարանում, ու չնայած իր տանը նեղվածք է, օգնության կարիք ունեցող մարդկանց էլ է իր օջախում գիշերելու հնարավություն տալիս: Իր խոսքով՝ երեք տարի առաջ կոտրել է «տազը»: Անիրավ բժիշկները վիրահատության համար նրանից 480 հազար դրամ են պահանջել: «Բայց տատիկին այդքան փող որտեղի՞ց»,- անկեղծանում է նա: Ու քանի որ այդքան գումար չի ունեցել վիրահատվելու համար, որոշել է սեփական ուժերին ապավինել, ապաքինվել է ու սկսել փայտով ման գալ: «Թե չէ ես փայտով ման եկողը չէի»,- ափսոսանքով ասում է ՀՀԿ-ի տատիկը:
Ի դեպ, նրան շատ է մտահոգում, թե միջազգային հանրությունը վերջապես կընդունի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Նա նաև ընկերություն է անում Քիմ Քարդաշյանի հետ: Վերջերս նույնիսկ նամակ է գրել նրան և անհամբեր սպասում է Քիմի պատասխանին: «Եթե Քիմն ինձ օգնի, որ ամերիկյան ֆիլմերից մեկում նկարահանվեմ, շատ լավ կլինի: Ես էդ թուրքերին շատ բան ունեմ ասելու: Ուզում եմ մի հատ գնամ էդ Հոլիվուդը խառնեմ, հետ գամ»,- ուղևորներից մեկին ասում էր ՀՀԿ-ի տատիկը: Այնպես, որ եթե հանկարծ լսեք, որ ՀՀԿ-ի տատիկը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմերից մեկում, չզարմանաք, նա դեռ ոչ միայն թուրքերին, այլ շատերին բավական բան ունի ասելու: Օբամա՜ , բռնվի´ր, ՀՀԿ-ի տատիկը ԱՄՆ գալու ճանապարհին է …
Արմինե Գրիգորյան