Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան կներկայացվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում
КультураՀայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հետաքրքրությամբ է սպասում իր գրած «Երգ բնության» սիմֆոնիայի կատարմանը Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում կոմպոզիտորը տեղեկացրեց, որ գործը գրվել է դեռևս 1969-70-թթ.:
«Այն ժամանակ ժամանակակից երաժշտություն հասկացությունը չկար: Արտեմ Հարությունյանի խոսքերով գրված ստեղծագործություն է: Շատ ուրախ եմ, որ կատարվում է: Առաջին անգամ Դավիթ Խանջյանն է կատարել: Հետաքրքիր է` ինչպե՞ս կհնչի, անցել է այսքան տարի, չի ներկայացվել: Ինձ համար էլ է շատ կարևոր մեկ անգամ ևս կողքից լսել` ինչ եմ արել: Այս սիմֆոնիան շատ դռներ բացեց հայ ժամանակակից երաժշտության համար»,-նշեց նա:
Անդրադառանալով այս տարվա Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնին, Արամ Սաթյանը շեշտեց, որ այն նվիրված է Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
«Մենք Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարի` Սերգեյ Սմբատյանի հետ մտածել ենք, որ պետք է փառատոնը նվիրված լինի հայ երաժշտությանը: Նման փառատոնները, որոնք հաստատում են հայ երաժշտության հաջողությունները, պրոֆեսիոնալիզմը, շատ քիչ են: Կոմպոզիտորների միությունն անընդհատ պրեմիերաներ է հնչեցնում, բայց պետք է նաև կատարվեն այն գործերը, որոնք արդեն մեկ անգամ հնչել են, տեսնենք` գործերը կարո՞ղ են ապրել, ապրո՞ւմ են, ինչպե՞ս է ունկնդիրն ընդունում»,-հավելեց նա:
ՀԿՄ նախագահի խոսքով` փառատոնի մեկնարկին ունկնդիրը փայլուն ընդունեց Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը:
«Նամանավանդ Սերգեյ Սմբատյանի մեկնաբանությունը շատ յուրահատուկ էր: Ես շատ եմ գնահատում այնպիսի երիտասարդներին, որոնք հասուն են: Սերգեյ Խաչատրյանը իր տարիքին ոչ համապատասխան խորը և լուրջ երաժիշտ է, որպես կոմպոզիտոր` ամեն անգամ նրան լսելուց հետո ցանկություն է առաջանում մի բան գրել, որ նա կատարի: Շնորհիվ նման երիտասարդների, կատարումների, մենք կարող են հպարտանալ հայ երաժշտության կայունության և վստահ լինել զարգացման համար»,-ընդգծեց նա:
Անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկը տրված է: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ հունվարի 15-ին ազդարարեցին փառատոնի բացումը:
Հայաստանյան արդի մշակութային կյանքում 6 տարի շարունակ իր տեղն է գրավում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների և ներկայիս ձեռքբերումների պահպանմանն ուղղված ծրագրի կազմակերպիչներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Ստեղծման առաջին իսկ օրվանից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնը կներառի 4 համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: