Երևանի քաղաքապետարանը կշարունակի շենքերի վթարայնության աստիճանի որոշման հետազոտություններ
ОбществоԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և բոլոր պատասխանատուների հանձնարարել է վթարային շենքերի բնակիչներին մեկ անգամ ևս իրազեկել և տեղեկացնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերի և նախատեսված աշխատանքների մասին:
«Մեզ հա մար առաջնային խնդիր էր 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Այս ուղղությամբ քաղաքապետարանը ծավալուն աշխատանքներ տարավ, կառուցվեցին 6 բազմաբնակարան շենքեր և, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բոլոր շենքերի շուրջ 650 ընտանիքներ վերաբնակեցվեցին կամ գտնվում են այդ գործընթացում: Այդպիսով, մենք կարողացանք ամբողջությամբ լուծել տասնամյակների սպասված խնդիրը: Սակայն հասկանալի է, որ մայրաքաղաքում կան մի շարք շենքեր, որոնց վթարայանության աստիճանը տարիների ընթացքում հնարավոր է փոխվի: Այդ նպատակով պետք է իրականացվեն ամրացման և համապատասխան այլ աշխատանքներ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների կողմից բարձրացված՝ շենքի վթարայնության աստիճանի և վերաբնակեցման խնդրին. զեկուցվել է, որ դեռևս նախորդ տարի բնակիչներին պարզաբանվել է, թե նշված շենքը հաշվառված չէ քաղաքապետարանի հաշվեկշռում, ավելին, այն նախկինում «Դողագործ» ՓԲԸ հանրակացարանային մաս նաշենքերի համալիրն է եղել: Չնայած այս հանգամանքին, այդուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը 2015 թվականին խնդրի ուսումնասիրման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ին պատվիրել է սեյսմիկ հետազոտություն: Ապրիլին ստացված եզրակացության համաձայն՝ շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է և ենթակա է ամրացման, այլ ոչ թե վերաբնակեցման:
Բնակիչներին տեղեկացվել է նաև, որ նույն հասցեում գտնվող հարակից շենքը, որը հետագայում քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցվել, ունեցել է 4-րդ աստիճանի վթարայնություն և, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման ու բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերաբնակեցվել է: Տարածքում գտնվող ևս մեկ մասնաշենք, որը գտնվում էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում և նույնպես 4-րդ աստիճանի վթարային էր, ՀՀ կառավարության միջնորդությամբ ևս վերաբնակեցվել է: Նշվել է նաև, որ քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեով նախատեսված է մեկ անգամ ևս համապատասխան հետազոտություններ անցկացնել վթարայնություն ունեցող շենքերում՝ հստակեցնելու վթարայնության աստիճանը, համապատասխան ցանկում հաշվառելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով: