Հնդկահավերի չբացահայտված տաղանդը
LifestyleՊատահե՞լ է երբևէ, որ ինքնաթիռ բարձրանալուց հետո պարզեք, որ այնտեղ ձեզ սպասում է փետրավոր ուղեկիցը: Սակայն այդպես շատ է պատահում ամերիկյան ներգնա թռիչքների ժամանակ, երբ ուղևորները նկատում են, որ նստատեղերից մեկը զբաղեցնում է մեծն հնդկահավը: Իհարկե, հնդկահավերը և այլ թռչուններ ավելի հազվադեպ են հանդիպում ինքնաթիռների մեջ, սակայն շատ մարդիկ հաճախ են դիմում ընտանի կենդանիների օգնությանը, երբ անհրաժեշտ է այս կամ այն ծագում ունեցող սթրես հաղթահարել:
Այսպես կոչված կենդանաթերապիայի ընթացքում, որը իրականացվում է «էմոցիոնալ աջակցության կենդանիների» օգնությամբ, մարդիկ սովորում են հաղթահարել տարատեսակ հոգեկան խանգարումները: Նման թերապիա նշանակում են պրոֆեսիոնալ հոգեբույժները էմոցիոնալ կամ հոգեկան խնդիրներով մարդկանց: Իսկ ինքնաթիռում «Բի-բի-սի»-ի թղթակցին հանդիպած հնդկահավի անունը Իսթեր է եղել, ինչը թարգմանաբար նշանակում է «Զատիկ»: Հնդկահավն իր տիրուհի Ջոդի Սմոլլիի հետ Սիեթլից մեկնում էր Սոլթ-Լեյք-Սիթի: «Իսթերն ինձ համար դրական էմոցիաների աղբյուր է, ես կենտրոնանում էի նրա վրա, երբ ինձ խեղդում էին էմոցիաները: Մեր թռիչքը տևեց ընդամենը մեկ ու կես ժամ և այդ ամբողջ ընթացքում Իսթերն իրեն շատ հանգիստ և խելոք էր պահում: Ես նրա համար տակդիր էի գնել, որը նախատեսված էր հատուկ թռչունների համար»,- ասել է Ջոդին:
Ջոդին վերջերս է ամուսնալուծվել և կորցրել ընտանիքի անդամներից մեկին, ինչի հետևանքով էմոցիոնալ և հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ Իսթերը նրա համար դարձել էր հանգստության աղբյուր: «Իսթերին դեռ ձագուկ ժամանակ գտել և բերել են իմ ընկերները, երբ ես այդքան էլ լավ վիճակում չէի: Նա ծանր մանկություն է ունեցել և սիրո ու հոգատարության կարիք ուներ: Ամեն րոպեն, որն անցկացրել եմ այդ հավասարակշռված թռչնի հետ, ինձ համար խաղաղության և հանգստի պահեր են եղել: Իհարկե, այդ ժամանակ ինձ մոտ «սև» օրեր էին, բայց Իսթերը ստիպում էր ինձ ուրախանալ և ժպտալ: Դրա համար եմ ես շատ սիրում նրան»,- պատմել է Ջոդին Իսթերի մասին:
Արդյո՞ք գոյություն ունեն «էմոցիոնալ աջակցության կենդանիները»
Ինքնաթիռի մեջ Ջոդիի հնդկահավի նկատմամբ մարդկանց արձագանքը ընդհանուր առմամբ դրական է եղել, բայց նման կենդանիներ ունեցող ոչ բոլոր մարդիկ կարող են գլուխ գովել նման հարաբերություններով: 2015թ. հունիսին Վիսկոնսինի պաշտոնյաները որոշեցին փոխել կենդանիների հետ թերապիայի կանոնները, երբ արագ սննդի ռեստորան այցելեց մի կին ընտանի կենգուրուի հետ: Կինը պնդում էր, որ իր կենգուրուն պատկանում է «էմոցիոնալ աջակցության կենդանիների» դասին, իսկ աշխատակիցները պնդում էին, որ այդ դասին կարող են պատկանել միայն շները և թզուկ ձիերը: Իսկ 2014թ. նոյեմբերին US Airways ավիաընկերության թռիչքից իջեցրել են մի կնոջ, ում Հոբի անունով թզուկ խոզուկը հենց թռիչքից առաջ սրահում անտանելի աղմուկ է բարձացրել և տակը կեղտոտել: Իսկ կարո՞ղ է «կենդանաթերապիան» լուծել հոգեբանական խնդիրները: Ջոդի Սմոլը պնդում է, որ այդ թերապիան օգնեց իրեն հաղթահարել կյանքի ամենադժվար ժամանակահատվածը, սակայն նրա հետ ոչ բոլորն են համաձայն: «Գնալ ընտանի կենդանիների հետ այնպիսի տեղ, որտեղ նրանց օրենքով արգելված է, էգոիզմի նշան է: Եթե դուք չեք կարող ճանապարհ գնալ առանց ձեր ընտանի կենդանու, ապա մնացեք տանը»,- գրում է Շառլոտա Հեյզը New York Post-ի իր հոդվածում: