ՄԻԵԴ-ը կհրապարակի երեք վճիռ Հայաստանի դեմ ներկայացված գործերով
ОбществоՄարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 21-ին կհրապարակի Հայաստանի դեմ ներկայացված երեք գործի վերաբերյալ իր վճիռը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՄԻԵԴ-ից, վճիռներ կհրապարակվեն «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» և «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործերով:
Առաջին դատական գործում որպես դիմող կողմ են ներկայացված Գարեգին Գույումչյանի որդին, հարսը և կինը: Գործն առնչվում է Վանաձորում բնակվող Գարեգինին ու նրա կնոջը, ովքեր փոքր ընտանեկան բիզնես էին բացել: 2002 թվականին Գարեգինը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, սակայն բավարար ապացույցների բացակայության արդյունքում 2002-ի սեպտեմբերին բոլոր մեղադրանքները հանվում են: Ընտանիքը 2004 թվականին վաճառում է բիզնեսը: Նույն տարում Գարեգինը դատական գործ է հարուցում անօրինական հետապնդումների դիմաց փոխհատուցում ստանալու նկատակով, սակայն նրա հայցը չի բավարարվում:
«Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործի դիմող կողմը տիկին Թովմասյանն է, ում 1991 թվականին հատկացվել էր բնակարան: Խորհրդային Միության փլուզումից հետո շենքի շինարարությունը դադարեցվել էր: 2007 թվականին Թովմասյանը դիմել էր դատարանին` պահանջելով բնակարան կամ փոխհատուցում:
Երկու դեպքում էլ դիմում ներկայացրած քաղաքացիները բողոքի էին ներկայացրել ՄԻԵԴ-ին առ այն, որ նրանց հնարավորություն չի տրվել դիմելու Վճռաբեկ դատարանին:
«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործի դիմող կողմը Վարյա Սաֆարյանն է, ով ծնվել է 1934 թվականին և բնակվում է Հայաստանում: Գործն առնչվում է Սաֆարյանի բողոքին առ այն, որ նրան չի հաջողվել կիսել և փոխանել Երևանում գտնվող ունեցվածքը երեխաներին, ինչպես նաև պաշտոնապես գրանցել սեփական հողատարծքում կառուցած տաղավարը: