Պետությունն ակնկալում է 2016-ին ընդլայնել արտահանելի հատվածը
ЭкономикаՀՀ կառավարությունը հաստատեց Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում:
«Ակնկալում ենք նաև էապես ընդլայնել արտահանելի հատվածը, մասնավորապես, տարբեր գործիքակազմերով նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, ՀՀ մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը»,- ասաց նախարարը:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորեց էկոնոմիկայի նախարարին՝ հետևողական լինել դրանց կատարմանը: