Հայաստանը ներդրումներ կատարելու համար լուրջ բիզնես տարածք է. Արթուր Ջավադյան
ЭкономикаՀայաստանը բավականին լուրջ և լավ բիզնես տարածք է` ներդրումներ անելու համար: Այս մասին հունվարի 21-ին «Ամերիաբանկ»-ի ՎԶԵԲ-ի և ՄԿՖ-ի միջև պայմանագրերի կնքման արարողությունից հետո նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Տարեսկզբին երկու խոշորագույն միջազգային ֆինանսական կառույց նոր մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն: Սա ևս մի վկայություն է, որ ՀՀ իշխանությունները, բանկային համակարգն իրենց տնային աշխատանքը ճիշտ են արել, և մենք այսօր ունենք կայուն, կարելի է ասել` դանդաղ զարգացող տնտեսություն: Իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե համեմատվենք տարածաշրջանի այլ երկրների հետ, մեր գործընկերների հետ կարողացել ենք ապացուցել, որ Հայաստանը բավականին լուրջ և լավ բիզնես տարածք է` ներդրումներ անելու համար»,- նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Բացի այդ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով: