Երկօրյա ֆորում՝ նվիրված կրթության խնդիրներին և ժամանակից մարտահրավերներին
ОбществоԱյսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումը, որին մասնակցում էին բուհերի ղեկավարներ, դասախոսներ, կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից,- հայտնում է Orer.am-ը:
Ֆորումի բացման ժամանակ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բուհերում իրականացված հետազոտությունները մի շարք խնդիրներ են վեր հանել: Մասնավորապես, ուսանողները հիմնականում դժգոհում են դասախոսների դասավանդման մեթոդիկայից և նրանց այլևս չեն գոհացնում ստանդարտ դասախոսությունները և մշտապես կրկնվող թեմաները:
Պարզվում է նաև, որ խնդիր է նաև այն, որ դասախոսն այսօր ոչ միայն պետք է ներկայացնի դասավանդման նյութը, այլև համոզված լինի, որ իր դասախոսությունն արդյունավետ է և պիտանի: Բացի այդ, բուհն այսօր ընդհանուր մասնագիտական կրթություն ապահովելուց բացի պետք է կարողանա ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստել, որպեսզի բուհի շրջանավարտը ավարտական վկայական ստանալուց հետո ստիպված չլինի մի կողմ դնել ստացած գիտելիքը և ստիպված լինի հարմարվել աշխատաշուկայի պահանջներին:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ դասախոսի, գործատուի և ուսանողի միջև երկխոսություն հաստատվի: Մասնագետի կարծիքով՝ բուհից դուրս գալուց հետո ուսանողը պետք է որոշակիորեն ծանոթ լինի աշխատանքի պայմաններին և ունենա նաև որոշակի փորձ: Անդրադառնալով Հայաստանում կրթության որակին՝ նա նշեց, որ ոչ այնքան կրթության որակն է ցածր, որքան մարտահրավերներն են մեծ:
«Միասնական ուժերով երկրում ստեղծվել է կրթության որակի ապահովման միջավայր, ընդգծվել են մի շարք մարտահրավերներ, որոնք պետք է լուծում ստանան, բուհերում մեծ աշխատանք է իրականացվում, նրանք գիտակցում են որակի կարևորությունը: Ուսանողը պահանջում է ստանալ ոչ միայն պետության, այլև միջազգային մակարդակում ճանաչելի կրթություն, քայլեր են արվում, որ տրված կրթությունը ճանաչելի լինի:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի արդյունքները թույլ տվեցին վեր հանել տարբեր խնդիրներ, խրախուսել ուսանողակենտրոն մոտեցումները»,- ասաց Ռ. Թոփչյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր ինֆորմացիոն գործընկերներին, այդ թվում նաև Orer.am լրատվական-վելուծական կայքին ֆորումի աշխատանքները լուսաբանելու համար:
Ա.Գ.