Բորբոքված սկանդալի պատճառով կինոակադեմիան կարող է ավելացնել «Օսկարի» թեկնածուների թիվը
Lifestyle
«Օսկարին» վերաբերող սկանդալը նոր թափ է հավաքում: Ինչպես հայտնի է, Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան ու ռեժիսոր Սփայք Լին բոյկոտի կոչ էին արել, քանի որ այս տարվա անվանակարգերում ոչ մի աֆրոամերիկացի դերասան ներկայացված չէ: Ջորջ Քլունին ու Լյուպիտա Նիոնգոն էլ իրենց հերթին են հայտնել, որ պատրաստ են բոյկոտել այդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Իսկ 50 Cent-ը հաղորդավար Քրիս Ռոքին է կոչ արել հրաժարվել մրցանակաբաշխության արարողությունը վարելուց:

Ինչպես գրում է LA Times–ը, այս ամենի պատճառով ամերիկյան կինոակադեմիան մտադիր է ավելացնել «Օսկար-2016» մրցանակաբաշխության թեկնածուների քանակը: Նման առաջարկ քննարկվել է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

Եվ այսպես «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում մրցող ֆիլմերի քանակը կարող է ութից տասը դառնալ, ընդ որում՝ մշտական հիմունքներով: Նշում են, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի դափնեկիրների ընտրության գործընթացն ավելի օբյեկտիվ դարձնել:

Խորհուրդը քննարկել է նաեւ այլ անվանակարգերում թեկնածուների թիվն ավելացնելու հնարավորությունը:
Իսկ մինչ այդ Twitter -ում մեծ տարածում է ստանում #OscarsSoWhite (Այդքան սպիտակ «Օսկար») հեշթեգը: