Աշոտ Ահարոնյանը «Ոտքի Հայաստան» երթի մասնակիցների հետ հանդիպմանը պարզաբանեց Գևորգ Սաֆարյանի հետ կապված իրավիճակը
Общество«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Երևանի Ազատության հրապարակից երթ կազմակերպեցին դեպի ՀՀ ոստիկանություն` պահանջելով պատժել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին և ազատ արձակել նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: Երթի մասնակիցների պնդմամբ` հենց ոստիկանն է բռնություն գործադրել Սաֆարյ անի նկատմամբ:
Ոստիկանության շենքի մոտ երթի մասնակիցներին մոտեցավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ Ոստիկանությունն իր իրավասության շրջանակում անում է ամեն ինչ՝ պարզելու դեպքի հանգամանքները` ավելացնելով, որ Գևորգ Սաֆարյանի հաղորդման հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ:
«Եթե նախաքննական մարմինը գտնի, որ նրա նկատմամբ ոստիկանի կողմից իսկապես բռնություն է կիրառվել և անհրաժեշտ է դադարեցնել Գեղամ Խաչատրյանի լիազորությունները, ապա Ոստիկանությունն այդպես էլ կանի»,- ասաց Ահարոնյանը:
Նրա խոսքով` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասցեագրված գրությանը պատասխան տրվել է այն մասին, որ հունվարի 15-ին Ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս պահին քննությունը կասեցված է, մինչև նախաքննական մարմինը որոշում կկայացնի:
Ահարոնյանի հետ հանդիպելուց հետո երթի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ գլխավոր դատախազություն:
Գևորգ Սաֆարյանը բերման է ենթարկվել Ամանորի գիշերը` ոստիկանների հետ բախումների ժամանակ Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: