Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Երվանդ Զախարյանի դատավոր որդին
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի որդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը աշխատանքից ազատվել է այլ գործունեությամբ զբաղվելու համար:Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Երվանդ Զախարյանը:
«Ինքը ուզոմ է տեղափոխվի այլ աշխաատնքի ոչ պետական համակարգ, ուրիշ խնդիր բացարձակ չկա»,- ասաց նախարար հայրը: Նա նշեց, որ այդ որոշումից առաջ որդին խորհրդակցել է իր հետ, հայրը փորձել է համոզել նրան աշխատել պետական համակարգում, սակայն ապարդյուն: «Չի ուզում աշխատել, ի՞նչ կարող եմ ասել, հասուն մարդ է, ինքն է որոշում, ինքը ուզում է անցնել այլ աշխատանքի, ոչ պետական համակարգ, ոչինչ չեմ անել»,- ասաց Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ հավանաբար որդին կզբաղվի բիզնեսով, բայց առայժմ չգիտի, թե կոնկրետ ինչ գործունեությամբ:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը դադարեցրել է դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` նախագահը որոշում է կայացրել դադարեցնել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները: