Ռաիսա Մկրտչյանն իրեն անսահման երջանիկ է համարում, որ համագործակցել է Առնո Բաբաջանյանի հետ
КультураՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանն անսահման երջանիկ է, որ համագործակցել է նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի հետ և եղել նրա գործերից շատերի առաջին կատարողը:
«60-70-ականները մեր հայ էստրադայի ամենածաղկուն շրջանն էր, քանի որ ունեինք այնպիսի անուններ, ինչպիսին էր մեր ազգի հպարտությունը` Առնո Բաբաջանյանը: Նրա երգերը շատ մեծ տարածում ունեին և’ Խորհրդային Միության մեջ, և’ նրա սահմաններից դուրս: Ինձ բախտ վիճակվեց այդ տարիներին համագործակցել նրա հետ: Երգարվեստում իմ առաջին քայլերից սկսած նա երգեր գրեց ինձ համար: Դա շարունակվեց մինչև իր կյանքի վերջը` մոտ 25 տարի: Մոտ 38 երգ հատուկ տվեց ինձ` վստահելով առաջին կատարումները»,- փոխանցմամբ` լրագր ողների հետ զրույցում նշեց ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանը:
Նրա խոսքով` ինքն ուղղակի երջանիկ է, որ եղել է այդ ժամանակահատվածում, այդ տարիներին համագործակցել է Բաբաջանյանի հետ:
«Նա մի բացառիկ անհատականություն էր, որի երգերում այնքան բարություն կար, տեքստն ու մեղեդին այնքան համահունչ էին, այնքան հուզականորեն հագեցած, գեղեցիկ, որ մեծերը, փոքրերը, բոլորը շատ սիրում էին այդ գործերը: Նման տարիները մոռանալ չի կարելի, ես շատ տխրում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, որովհետև մեծ ուժ էր տալիս ինձ և մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում»,-շեշտեց նա:
Ռաիսա Մկրտչյանը վերհիշեց, որ «Ազգ իմ փառապանծը» դարձել էր իր այցեքարտը: «Իմ առաջին երգերից էր, դեռ ուսանող էի երաժշտական ուսումնարանում, ամեն տեղ, ուր գնացել եմ, առաջինը սկսել եմ այդ երգով»,-հավելեց նա` նշելով, որ երբ Մոսկվայում պետք է լիներ երգի պրեմիերան, վերջին րոպեին որոշվեց փոխել անունը, քանի որ ամեն ինչին պետք էր ուշադիր լինել, որ այլ ձևով չընկալվել:
20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի գագաթներից մեկը՝ Առնո Բաբաջանյանը կդառնար 95 տարեկան: Ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանը գրել է 9 տարեկանում։ Նրա տաղանդը նկատել էր անգամ Արամ Խաչատրյանը:
Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
Գրել է երաժշտություն նաև «Առաջին սիրո երգը». «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմերի համար:
Որպես դաշնակահար` Բաբաջանյանն աչքի է ընկել հատկապես սեփական ստեղծագործությունների կատարմամբ: