Արարատի մարզում նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնը
ОбществоԵրիտասարդների արագահաս բարեխոս Սբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 23-ին: Ընդունված է համարել, որ սիրո երազանքն իրականացնող Սրբի միջնորդությամբ երիտասարդների եւ սիրահար զույգերի աղոթքները հասնում են առ Աստված: Մեզանում տոնը նշվում է նաեւ եկեղեցական ավանդույթներով, ինչի կապակցությամբ հունվարի 22-ի երեկոյան Արարատի մարզի մի շար ք համայնքների երիտասարդներն ու սիրահար զույգերը ոտքով հասան Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի` մասնակցելու տեղի ունեցող արարողությանը: Մինչ օրհնության կարգ կատարելը եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը շնորհավորեց երիտասարդներին` ասելով. «Քրիստոնեական ճշմարիտ հավատի ու սիրո համար նահատակված Սբ Սարգիս զորավարի եւ նրա որիդիների սերը թող առատաբուխ հորդի յուրաքանչյուր երիտասարդի հոգու մեջ»: Նա նաեւ ընդգծեց, որ Սուրբ Սարգիսը զորավար եւ զինվոր էր: Եվ քանի որ այս երիտասարդները վաղը զինվորագրվելու են Հայոց բանակին, ուստի հոգեւոր հովիվը նրանց ցանկացավ ուժ եւ տոկունություն` հանուն հայրենիքի սուրբ հողի պաշտպանության:
Օրհնության կարգը կատարելիս Տեր Դավիթ քահանա Սահակյանը խնդրեց արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսոությունը` երիտասարդների նպատակների, գաղտնի երազանքների եւ իղձերի կատարման համար, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ գտնի իր կողակցին, ստեղծի ամուր հայկական ավանդապաշտ ընտանիք, որտեղ կթեւածի սերն ու խաղաղությունը:
Օրհնության կարգը կատարելուց եւ երիտասարդների կողմից իրականացված մոմավառությունից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական համերգ: Ժողովրդական եւ ազգագրական երգն ու պարը շարունակվեցին մինչ ուշ գիշեր: Հավատարիմ մնալով ժողովրդական ավանդությանը երիտասարդներին բաժանվեցին օրհնված աղի բլիթներ, որոնց վրա գրված էին աղոթքներ: Երիտասարդները ստացան նաեւ գրպանի աղոթագրքեր:
Հոգեւոր հովիվը մեկնեց նաեւ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գրեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր, իսկ 10 տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմը Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո տոնը սկսեց վերազարթոք ապրել:
Այսօր` հունվարի 23-ին տոնը շարունակություն կունենա Երեւանում: Արարատի, Վեդի քաղաքի, Արտաշատի, Մրգվանի, Դալարի եւ մյուս համայնքների հոգեւորականների ուղեկցությամբ Արարատի մարզի երիտասարդները կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմկերպված տոնական միջոցառմանը:
Լիլիթ Մաճկալյան