Սուրբ Սարգիս տոնի առթիվ սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց պատարագ
ОбществоՍուրբ Սարգիս Զորավարի տոնի առթիվ հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ պատարագը մատուցվեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, արարողությանը ներկա էին Հ Հ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնատար անձինք, զինծառայողներ, հավատացյալներ:
«Այսօր ես ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլոր Սարգիսներին, Սարգսյաններին, Մարտիրոսներին և Մարտիրոսյաններին, որոնց անվանակոչության օրն է: Տարիներ առաջ այս օրը Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ հռչակվեց երիտասարդության օրհնության օր: Եվ 11 տարի անց այն դարձավ համաժողովրդական տոն»,-արարողության ժամանակ նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Մինչ Սուրբ պատարագը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի արտոնմամբ, եկեղեցի էր բերվել Սուրբ Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:
Այս տարի Հայ առաքելական եղեկեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է հունվարի 23-ին: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ` հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա: