Դժվար էր փոխարինել մի դերասանուհու, որն արդեն սիրվել էր. Աննա Դովլաթյանը` «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվելու մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է .
Երգչուհի Աննա Դովլաթյանին այժմ տեսնում ենք բոլորովին նոր կարգավճակում: Հիմա գեղեցկուհին նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին` Արինային: Ի դեպ, վերջինիս նախկինում մարմնավորում էր դերասանուհի Օվսաննա Մինասյանը, որը նշանադրությունից հետո այլեւս չի նկարահանվում հեռուստասերիալում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Աննայի հետ` պարզելու, թե ինչպես է իրեն զգում նկարահանման հրապարակում եւ արդյոք չի՞ պատրաստվում ներկայանալ նաեւ երաժշտական նորություններով.
-Աննա, ինչպե՞ս ստացար հեռուստսերիալում նկարահանվելու առաջարկը:
-Առաջարկը շատ անսպասելի էր, բայց միեւնույն ժամանակ հաճելի: Ինձ մոտ մի փոքր վախ կար, քանի որ մտածում էի` իմ անփորձ լինելն ակնհայտ կերեւա եւ հեռուստադիտողի համար հաճելի չի լինի: Առավել եւս շատ դժվար էր փոխարինել մի դերասանուհու, որն արդեն սիրվել էր եւ հեռուստադիտողը նրան էր սովոր տեսնել այդ կերպարում:
-Նախկինում փաստորեն, քեզ չէի՞ր փորձել նմանատիպ նախագծերում:
-Նախկինում երբեք չէի փորձել ինձ նման նախագծերում, քանի որ միշտ մտածել եմ, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչն իսկապես իրենն է:
-Ինչպե՞ս ես քեզ զգում նկարահանման հրապարակում: Հե՞շտ ես յուրացնում կերպարդ:
-Նկարահանման հրապարակում ինձ զգում եմ շատ հանգիստ, քանի որ ինձ հետ աշխատող թիմն ու մյուս պրոֆեսիոնալ դերասանները չեն թողնում, որ ես ինչ-որ լարվածություն զգամ: Դա շատ է օգնում, որ էլ ավելի շուտ ըմբռնեմ կերպարը:
-Ի՞նչ կասես քո հերոսուհու մասին:
-Մինչ այդ դերը կերտելը, ծանոթացա կերպարի հետ եւ ինձ շատ դուր եկավ նրա բնավորությունը, բարոյականությունն ու չարի դեմ պայքարելու ձգտումը: Չգիտեմ, թե որքանով է ինձ մոտ ստացվում, բայց փորձում եմ անել ամեն ինչ, որ հեռուստադիտողին հաճելի լինի դիտել իմ խաղը:
-Իսկ երաժշտական ասպարեզում նորություններ ունե՞ս:
-Այո, կունենամ երաժշտական նորություն, որը կլինի զուգերգի տեսքով: Երգը կլինի հայերեն լեզվով, բայց դեռ չգիտեմ, թե ում հետ կկատարեմ այն:)