Նվագախմբի ձայնը և Երիտասարդականի հոբելյանը. նոր վավերագրական ֆիլմ է ստեղծվել
КультураՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյա գործունեությունն ամփոփվեց վավերագրական ֆիլմում: Հունվարի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նվագախմբի ձայնը» կինոնկարի պրեմիերան։
«Ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության «+7Art Film Media» ընկերությունն օգնել է ստեղծել ֆիլմը: Պրոդյուսերն է Կատերինա Լագաշը: Նրան դուր եկավ գաղափարը: Սերգեյ Սմբատյանի հետ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի միջոցով ենք ծանոթացել: Պարզվեց, որ Սերգեյը նման նվագախումբ ունի, հանդիպեցինք, սկսեց պատմել կոլեկտիվի մասին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Միտրոշինը:
Նա վերջերս է սկսել զբաղվել կինոնկարներով, պատրաստել է կարճամետրաժներ, նկարահանել հոլովակներ: Փաստում է` երիտասարդական նվագախմբին նվիրված ֆիլմը նկարահանվել է երեք օրում, քանի որ ժամանակը շատ սահմանափակ էր:
«Նվագախմբում բոլորը երիտասարդ են, հայ և բոլորն էր կոնսերվատորիան են ավարտել: Վավերագրական ֆիլմերի դեպքում սցենար չի գրվում.կա գաղափար, որով նկարահանվում են կադրեր և դրանից հետո գրվում է սցենարը: Մենք նախապես պատրաստել էինք պատմությունը»,-նշեց նա` հավելելով, որ նպատակ կա ֆիլմը ներկայացնել տարբեր փառատոնների:
Ստեղծագործական կազմը շատ տպավորված է եղել Հայաստանով, երկրի բնաշխարհով ու միջավայրով: Փաստի վկայությունն այն է, որ «Նվագախմբի ձայնը» ֆիլմում հնարավոր է տեսնել նաև հայաստանյան բնապատկերներ: Ռուսերեն ֆիլմում նվագախմբի անցած ուղու մասին պատմում են ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժոր Յուրի Դավթյանը, տենոր Գեղամ Գրիգորյանը, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, դաշնակահար Դենիս Մացուևը, կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Վիգեն Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք:
Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը ֆիլմում նշում է. «Նվագախումբը հպարտություն է դարձել: 10 տարվա ընթացքում այնքան բանի են հասել, որ 30 տարում չէին հասնի»:
Ֆիլմի ընթացքում նվագախումբը կատարում է տարբեր գործեր:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ստեղծվել է 2005-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների: 2008-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբըստանձնել է պետական կարգավիճակ: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: