Սերգեյ Սմբատյանն արժանացավ վաստակավոր արտիստի կոչման
КультураՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համանագրով վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Այս մասին հայտարարվեց հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` նվագախմբի 10-ամյակին նվիրված հոբելյանկան միջոցառման ժամանակ:
«Շատ շնորհակալ եմ ինձ այս բարձր կոչմանն արժանացնելու համար: Այն, ինչ նվագախումբն այսօր ունի, համատեղ ուժերով ենք ձեռք բերել: Ունենք շատ լավ պատմություն, լավ ձեռքբերումներ: Շնորհակալ ենք պետությանը, որը միշտ սատարում է մեր մտքերին, գաղափարներին և մեզ առաջ տանող գաղափարին է հավատում. դա ամենակարևորն է: Երաժշտությամբ մենք կարողացանք ստեղծել այն մթնոլորտը, որը մեզ համար թանկ է: Անսահման սերը երաժշտության հանդեպ և գաղափարը, երազանքը, որին մենք հավատում էինք, իրականացավ»,- Արմենպրեսի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Սմբատյանը:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի խոսքով` ինքը շնորհակալ է նվագախմբի բոլոր երաժիշտներին:
«Շնորհակալ եմ, որ ինձ «դիմանում եք» արդեն 10 տարի : Դժվար աշխատանք էր, բոլորիդ շատ սիրում եմ, մենք մի ընտանիք ենք, մի թիմ, և այն գաղափարը, որ մեզ միավորեց, էլ ավելի է ուժեղացել տարիների ընթացքում: Մենք շարունակելու ենք երազել: Մենք երազում ենք: Չէ՞ որ մենք պայքարող, հաղթող, անկախ Հայաստանի ծնունդն ենք: Դա մեզ համար ամենակարևորն է»,-շեշտեց Սերգեյ Սմբատյանը: