Արարատի մարզի ինֆեկցիոն իրավիճակը վերահսկելի է
ОбществоԱրարատի մարզի հիվանդանոցներում, հունվարի 26-ի դրությամբ, սուր շնչառական հիվանդությամբ ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների թիվը 88 է, որոնցից 17-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեցին, որ հանրապետությունում հիվանդության տարածման սկզբից սկսած Արարատի մարզի բուժհաստատությունների ստացիոնարներում բուժում ստացողների թվաքանակը երկու անգամ հասել է առավելագույնի: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նախորդ շաբաթ` 160 քաղաքացի: Մյուս բարձր ցուցանիշը գրանցվել էր հունվարի 13-ին` 132 մեծահասակ եւ մանկահասակ քաղաքացի: Վարչությունից հայտնեցին նաեւ, որ հունվարի առաջին օրերին բուժում ստացող հիվանդների նվազ ցուցանիշն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր տոն օրերին քիչ դիմելիութ յան հետ:
Մարզի բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով. դիմակներ, ձեռնոցներ, ներարկիչներ, եւ այլն: Առողջապահության վարչությունը կապի մեջ է նախարարության եւ բուժհաստատությունների հետ` անհրաժեշտության դեպքում մարզի բուժհաստատությունները ստանում են դեղորայքի ու բժշկական պարագաների նոր չափաբաժինը:
Այժմ անվճար բուժօգնություն ստանում են միայն արտոնյալ խմբի (սոցիալապես անապահով, հաշմանդամ, եւ այլն) քաղաքացիները: Իսկ մնացյալ քաղաքացիները անվճար բուժոգնություն ստացել են մինչեւ հունվարի 20-ը:
Առողջապահության վարչությունը հորդորում է սուր շնչառական հիվանդություններից հեռու մնալու համար անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանները, հատկապես` հիվանդասենյակները, սահմանափակել շփումը հիվանդ քաղաքացիների հետ, հետեւել անձնական հիգիենային, հաճախակի ձեռքերը լվանալ օճառով, զերծ մնալ մարդաշատ տարածքներից եւ խուսափել գրկախառնություններից, եւ որ ամենակարեւորն է` խուսափել ինքնաբուժումից, չօգտագործել հակաբիոտիկներ, եթե դրանք ցուցված չեն բժշկի կողմից, օգտագործել շատ հեղուկներ:
Լիլիթ Մաճկալյան