«Հրապարակ». Սպանություն Արեշում. «Արսենը լուրջ եւ զուսպ մարդ էր, ոչ մեկի հետ խնդիրներ չուներ»
Երեկ, ժամը 15:00-ի սահմաններում անհայտ անձինք մեքենայով մոտեցել են Արեշում ապրող 33-ամյա Արսեն Մկոյանին, մի ամբողջ ավտոմատ պարպել նրա ուղղությամբ ու հեռացել: Գրում է «Հրապարակ»-ը:
Նրան անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, փորձել են վիրահատել: «Հրազենային վնասվածքն ստացել է որովայնի առաջնային պատին: Վիրահատության ժամանակ երիտասարդը մահացավ»,-ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի լրատվական բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Արեշում սուգ է: Բնակիչները թերթի հետ զրույցում պատմեցին, որ երիտասարդը, գնումներ արած, խանութից դուրս գալիս է եկել, այդ պահին մի մեքենա է կանգնել, որի միջից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ: Դեպքի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է' շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը: Կատարվում է նախաքննություն:
Արսենի ընկերներից մեկը՝ Նորայրը, թերթի հետ զրույցում ասաց. դեռ չի հավատում, որ իր ընկերը մահացել է: «Մանկուց Նոր Արեշի 5-րդ եւ 42-րդ փողոցում էր ապրում, ամուսնացած էր, 2 տարեկան որդի ուներ: Ամբողջ Արեշը խառնվել է իրար, խանութի աշխատողից իմացանք, որ կրակոցներից հետո 6-7 փամփուշտ են գետնին ընկած եղել, եւ Արսենի որովայնից արյուն է եկել», -ասում է ընկերը: Նա վստահեցնում է, որ Արսենը լուրջ եւ զուսպ մարդ էր, ոչ մեկի հետ խնդիրներ չուներ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: