Մոտը մի փամփուշտ չէր պահել, 120 փամփուշտ կրակել է հակառակորդի ուղղությամբ. զոհված զինծառայողի մայր
ОбществоՀակառակորդի գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ռուբեն Ալեքսանյանը մինչև վերջին վայրկյանը հերոսաբար կռվել է հակառակորդի դեմ: ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը: «Նա անգամ մեկ փամփուշտ չէր պահել: Վիրավոր վիճակում հակառակորդի ուղղությամբ 120 փամփուշտ է կրակել ու հերոսաբար զոհվել»,-նշեց նա:
Նա պատմեց, որ հայրենիքին 4 զինվոր է տվել: Մեծ որդին բանակից վերադարձել է սերժանտի կոչումով, սակայն բանակից վերադառնալուց հետո մահացել է արտագնա աշխատանքի ընթացքում: «Միջնեկ որդիս ծառայել է Քանաքեռում, աշխատել է Ասկերան-Մարտակերտ շարժական կապի վրա, տուն է վերադարձել սերժանտի կոչումով, պարգևատրումներով և խրախուսանքներով: Փոքր որդիներս զույգեր էին: Ռուբենը զոհվեց հակառակորդի գնդակից, իսկ մյուս որդիս դեռ ծառայության մեջ է»,- նշեց Ալեքսանյանը:
Նա նաև հավելեց, որ որդի կորցնելը ցավ է ցանկացած ծնողի համար, սակայն, հայրենիքի նկատմամբ վտանգը զգալով, բոլորը պարտավոր են իրենց զավակին ուղարկել հայրենիքը պաշտպանելու: «Ես շատ եմ ցավում, շատ երիտասարդների ենք կորցրել, մենակ իմ որդին չէ: Բայց ես հպարտ եմ, որ իմ որդին քաջաբար է զոհվել»,- եզրափակեց զոհված զինծառայողի մայրը: