Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի տոնի առթիվ
ОбществоՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 24-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«24-ամյակի կապակցությամբ մեծ սիրով և հպարտությամբ շնորհավորում եմ հայոց փառապանծ և հաղթական բանակի բոլոր անդամներին: Շարքային զինվորից մինչև գեներալ, տեխնիկական սպասարկողից մինչև ռազմական բժիշկ և հոգևորական, բոլորին մաղթում եմ անամպ երկինք, խաղաղ ու ապահով ծառայություն, մասնագիտական ձեռքբերումներ և անձնական երջանկություն:
Ամեն օր ստիպված առնչվելով չհայտարարված պատերազմի բոլոր փորձությունների հետ՝ մեր զինվորները պատվով և պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտքը հայրենիքի առջև՝ պաշտպանելով և անառիկ պահելով Հայաստանի Հանրապետության սահմանները, մեր հայրենիքի անկախությունը: Ես երախտագիտության ամենաջերմ խոսքերս եմ ուղղում նրանց՝ իրենց ամենօրյա դժվարին, վտանգավոր և անձնազոհ աշխատանքի համար:
Փառք ու պատիվ հայ զինվորականներին, թող չպակասի նրանց բազկի ուժը, անսասան կամքը, համարձակությունը, որ մեզ հավատ են ներշնչում մեր հայրենիքի հզոր ապագայի և հետագա զարգացման հանդեպ»: