Զորի Բալայանը Ստոկհոլմում ներկայացրել է իր «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակությունը
КультураՍտոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում հունվարի 28-ին տեղի է ունեցել հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Հանս Գուննար Ադենը, ով հեղինակել է շվեդերեն հրատարակության նախաբանը։ Նա անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին, Զորի Բալայանի անցած ուղուն, ներկայացրել գրքի բովանդակությունը:
Ելույթին հետևած քննարկման ժամանակ Զորի Բալայանը խոսել է գրքի, այն գրելու դրդապատճառների մասին։ Նա անդրադարձել է նաև «Կիլիկիա» առագաստանավով ճամփորդության ժամանակ Ստոկհոլմ կատարած իր նախորդ այցելությանը, որի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք փրկած շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի հիշատակին։ Զորի Բալայանը խոսել է արցախյան հակամարտության, դրա սկզբնապատճառների մասին:
Ելույթ է ունեցել նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը` ներկայացնելով Զորի Բալայանի հասարակական-քաղաքական գործունեությունը, նրա իրականացրած բազմաբնույթ նախաձեռնությունները, գիտարշավ-ճանապարհորդությոնները և թողած մեծ գրական ժառանգությունը։ Միջոցառումը շարունակվել է հայկական դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով և հեղինակի կողմից գրքի ստորագրությամբ։
Իր այցելության ընթացքում Զորի Բալայանը հանդիպումներ է ունեցել նաև շվեդահայ համայնքի հետ: Սյոդերթելյեի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը ցուցադրվել է ՀՀ պետական մրցանակի արժանացած «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմը, որին հետևած զրույցի ընթացքում համայնքի անդամները բարձրացրել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր։
Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շնորհանդեսով մեկնարկել է Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում հայկական միջոցառումների շարքը, որը ներառելու է նաև «Մետաքսի առևտրի հետքերով. Հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» ցուցադրությունը, հայ-շվեդական պատմական առնչությունների մասին դասախոսություն և հայկական հեքիաթների ընթերցումներ շվեդ մանուկների և պատանիների համար: