Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարվա ընթացքում հյուրընկալել է 26 հազար այցելուի
КультураԿոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարվա ընթացքում հյուրընկալել է 26 հազար այցելուի: Այս մասին հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշեց մշակութային հաստատության տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
«Մեկ տարվա աշխատանքի ընթացքում տարաբնույթ այցելուների ենք հյուրընկալել` դիվանագետների, քաղաքական, հասարակական գործիչների, ուսանողների, աշակերտների: Թանգարան են եկել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ հեղինակավոր այցելուներ»,- նշեց Նիկոլայ Կոստանդյանը:
Թանգարան-ինստիտուտին տնօրենը շեշտեց, որ 2015-ին նորաստեղծ կառույցն առաջին անգամ միացավ «Թանգարանային գիշեր ակցիային:
«Այդ օրը 3000 այցելու ենք ունեցել: Նրանց համար օրը փորձել ենք բովանդակալից դարձնել: Ստեղծման օրվանից սկսած` թանգարանում իրականացվել է շուրջ 100 միջոցառում` համերգներ, դասախոսություններ, զրույց-հանդիպումներ, կրթական ծրագրեր, գիտաժողովներ: Այդ բոլոր միջոցառումները թերի կլինեին, եթե չլիներ Մշակույթի նախարարությունն` ի դեմս Հասմիկ Պողոսյանի, որն աջակցեց մեր նախաձեռնություններին»,-ընդգծեց Նիկոլայ Կոստանդյանը:
Անդրադառնալով 2015-ին կատարած աշխատանքին` նա շեշտեց, որ նախորդ տարի իրականացվել է «Կոմիտաս» փառատոնը:
«Բավականին գործ է արվել մեկ տարվա ընթացքում: Առաջիկայում կան այլ ծրագրեր, համագործակցության եզրեր միջազգային հարթակներում: Կոմիտասի թանգարանով կարող ենք ներկայանալ ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում»,-շեշտեց Նիկոլայ Կոստանդյանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել են նաև միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թանգարանը մասնակցել է նաև «MIDEM» միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին: