Ջազային ստեղծագործություններ` «Արվեստի ձայներ»-ի կատարմամբ. խումբը համերգներ կունենա նաև մարզերում
КультураՆորաստեղծ «The sounds of art» («Արվեստի ձայներ») ջազ խումբն առաջին անգամ հանդես եկավ համերգով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի նախաձեռնությամբ հիմնադրած կոլեկտիվը հունվարի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում հայ հանդիսատեսին ներկայացրեց ջազային հայտնի ստեղծագործություններ:
«Փոքրաթիվ խումբ է, նպատակ ունենք, որ այն հնարավորություն ունենա նաև մարզերում համերգներով հանդես գալ: 2016-ին ֆիլհարմոնիայի գերակա խնդիրներից մեկն է մարզերում համերգների կազմակերպումը: Խմբին ելույթներին հնարավոր է միանան նաև այլ երաժիշտներ»,- նշեց Գագիկ Մանասյանը` շեշտելով, որ խումբն առաջիկայում ելույթներ կունենա երկրի մարզերում:
Խմբի անդամներն են Սյուզի Բարսեղյանը (ֆլեյտա), Արթուր Եղիազարյանը (սաքսոֆոն), Արամ Կարապետյանը (բաս կիթառ), Արտակ Մարուքյանը (դաշնամուր), Րաֆֆի Խորոզյանը (հարվածային գործիքներ):
Սյուզի Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խումբը մի քանի ամիս առաջ է ստեղծվել:
«Ամեն ինչ արել ենք, որ պատշաճ մակարդակով ներկայանանք, գնահատականը թողնում ենք հանդիսատեսին: Լատինաամերիկյան ջազային ստեղծագործություններ ենք ներկայացրել` նորովի մեկնաբանությամբ: Ակնկալիքները մեծ են, բոլոր երաժիշտների փափագն է, որ սիրվեն հանդիսատեսի կողմից և ունենան իրենց ունկնդիրը»,-նշեց նա:
Նորաստեղծ «The sounds of art» («Արվեստի ձայներ») ջազ խմբի նպատակն է համատեղել տարբեր երաժշտական ստեղծագործություններ, հանդես գալ թե' ազգային, թե' այլ ազգերի ֆոլկլորային երաժշտական ստեղծագործությունների համադրությամբ և ինքնատիպ մեկնաբանությամբ: