Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ունկնդիրներին կներկայացնի հայ կոմպոզիտորների քիչ հնչող գործեր
КультураԿոմիտասի թանգարան-ինստիտուտն այս տարի ունկնդիրներին կներկայացնի հայ կոմպոզիտորների քիչ կատարվող գործեր:
Այս մասին հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ զրույցում նշեց մշակութային հաստատության փոխտնօրեն Սարինա Ավթանդիլյանը:
«2016 թվականին մենք կներկայացնենք հայ կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք կամ մոռացված են, կամ սակավ են հնչում, կամ էլ երբևիցե չեն կատարվել: Կներկայացվեն Արտեմի Այվազյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Սարգիս Բարխուդարյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Հիանալի ստեղծագործություններ են, ֆանտաստիկ գործեր կան»,- նշեց Սարինե Ավթանդիլյանը:
Նա հույս հայտնեց, որ թանգարանի ունկնդիրը կսիրի ներկայացվելիք ստեղծագործությունները:
«Պետք է ասեմ, որ բոլոր երաժիշտները մեծ սիրով են հանդես գալիս այս հիանալի տաճարում` Կոմիտասի թանգարան-ինստիտում, և իրենց տուրքն են մատուցում Կոմիտասին»,-շեշտեց Սարինա Ավթանդիլյանը:
2013թ. մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան -ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Ֆինանսական ծախսերը հոգացին «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Թանգարանն ունի 8 սրահ մշտական ցուցադրությամբ, որի հեղինակ եւ համադրողը Վարդան Կարապետյանն է, ձեւավորող–նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն: Ծրագիրն իրականացրել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն: Կառույցն իր դռները պաշտոնապես բացեց 2015-ի հունվարի 29-ին: