Հովիկ Աբրահամյանը համոզված է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Սփյուռքի հետ միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պատմական արդարության վերականգնմանը: Այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացման ժամանակ: Հիշեցնելով համաժողովի մասնակիցներին, որ մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ անգնահատելի է Սփյուռքի դերը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում:
«Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աբրահամյանը: