Ինչո՞ւ է վառվել ԲՀԿ-ի «միջմկանայինը»
Аналитика«Մոռանալ Հերոստրատին» արտահայտությունն, ինչ խոսք, թևավոր է և բազմաշերտ, ոչ պակաս բազմաշերտ է այն իրողությունը, որ Հերոստրատին այդպես էլ չմոռացան, սակայն դա այլ պատմություն է:
21-րդ դարի հասարակական-քաղաքական իրողություններում երևույթի մահն այն է, երբ նրա մասին այլևս չեն խոսում, գրում, գովերգում կամ հայհոյում: Վերջին կետը, ի դեպ, բավական կարևոր է, քանի որ հաճախ սպառված քաղաքական խմբավորումները, անհատները կամ ուժերը պատրաստ են անգամ հայհոյանքի արժանանալու, միայն չենթարկվեն ինֆորմացիոն մահապատժի: Կարծես հենց սրանից է վախենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ի մնացորդը:
Վերջինիս ներկայացուցիչները ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն բանակցությունների հայտնի դառնալուց հետո սկզբում զգուշորեն, իսկ հետո ավելի համարձակ ու նեղացկոտ կերպով սկսեցին հայտարարել այն մասին, որ ԲՀԿ-ին տեսնում են կոալիցիայի մեջ, քանի որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած 2016-ի բյուջեին, երբեմն՝ հանրապետականից առավել զբաղվել է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի «այո»-ի քարոզչությամբ և այլն:
Ըստ էության` տրամաբանորեն ԲՀԿ-ը Սերժ Սարգսյանից կամ ՀՀԿ-ից կոալիցիայի տեսքով իր վարձն է ուզում այս ամենի համար, սակայն այստեղ միայն վարձի խնդիր չէ, քանի որ ԲՀԿ-ն ամենաշատը վախենում է մոռացումից կամ քաղաքական մահից, իսկ կոալիցիան հնարվորություն է քաղաքական գործընթացի մեջ մնալու համար: Սակայն ԲՀԿ-ում չեն ուզում հաշտվել մեկ հասարակ փաստի հետ՝ կոնկրետ նպատակի համար ստեղծված քաղաքական կուսակցություններն իրենց գործառույթը կատարելուց հետո անվերապահորեն հայտնվում են քաղաքական գործընթացների լուսանցքում, իսկ ԲՀԿ-ն նման քաղաքական կուսակցության դասական օրինակ է:
Ընդ որում, պետք է շեշտենք, որ այստեղ էականը ԲՀԿ ճակատագիրը չէ, այլ բոլոր այն քաղաքական ուժերի ապագան, ովքեր ինչ-որ մի պահի ստեղծվում և ծառայում են հանրապետական կլանի քաղաքական և տնտեսական շահերին: Բոլոր այդ քաղաքական կազմավորումները իրենց ձևավորման որոշակի ժամանակահատվածում ունենում են հնարավորություն՝ առանձնանալ իրենց ստեղծողներից և ցուցաբերել ինքնուրույնություն, սակայն հայաստանյան իրականության մեջ երբեք իշխանական նախագիծ, քաղաքական ուժ ի զորու չեն եղել նման քայլի՝ գնալով քաղաքական ինքնաոչնչացման:
Նշվածների շարքում շատ թույլ առանձնանում է «Օրինաց երկիր» կուսակցությունը, որին անընդհանտ ոսկորներ են բաժին հասնում իշխանական կերակրատաշտից: Սակայն «Օրինաց երկիրը», շատերը կհիշեն, որ ստեղծվել է Սերժ Սարգսյանի ձեռամբ և վերջինիս նկատմամբ թերևս Սերժ Սարգսյանը հոգևոր հոր զգացմունքներ ունի: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նման զգացմունքներ չունի ԲՀԿ-ի նկատմամբ, որի հոգևոր և նույնիսկ ֆիզիկական հայրը գաղտնիք չէ, որ Քոչարյանն է, ուստի և ԲՀԿ-ին «չի սպառնում» կոալիցիա, ինչքան էլ նրանք տենչան և ապացուցեն իրենց հավատարմությունը:
Աղասի Մարգարյան
Orer.am, վերլուծաբան