Ի՞նչ անել
АналитикаԻնչպես արդեն գիտենք՝ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Այս արարողության ժամանակ ամենաուշագրավը դարձավ Օբամայի ուղերձը, որում նա ասել է, թե 2015-ին ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի և տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:
Այս հայտարարությունն իսկապես որ իր մեջ շատ ասելիք է պարունակում: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ի կազմում լինելով և շատ հարցերում Ռուսաստանից կախված լինելով հանդերձ, Հայաստանն այնուամենայնիվ կարողանում է այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ նորմալ հարաբերություններ հաստատի, պահպանի և զարգացնի Արևմուտքի հետ, և Արևմուտքը դա հաշվի է առնում:
Հայտարարությունից բխում է նաև, որ անկախ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից՝ ԱՄՆ-ն Հայաստանում իր շահերն ունի և դրանցից հրաժարվել չի պատրաստվում: Բնականաբար, պարզ է, որ ոչ մի խոշոր տերություն Հայաստանի նման փոքր երկրում հենց այնպես, «հանուն սիրուն աչքերի» ներդրումներ անելու պատրաստակամություն չի հայտնի:
Եվ ամենահետաքրքիր հարցը, որ ծագում է՝ ի՞նչ անել, գնալ ընդառա՞ջ, սերտացնե՞լ հարաբերությունները, թե՞ զգուշանալ ևս մեկ գերտերությունից կախվածության մեջ մնալու վտանգից: Ես կարծում եմ, որ հարաբերությունները սերտացնելուց չպետք է խուսափել, պարզապես պետք է կարողանալ վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որ հնարավոր լինի երկու գերտերությունների հետ էլ համագործակցել, ցանկալի է՝ մեզ շահեկան ձևաչափով:
Իշխանությունները պետք է կարողանան զգալ այն սահմանը, երբ արդեն հանուն լրացուցիչ գումար ստանալուն սկսում է ստորադասվել պետական ու ազգային շահը գերտերության շահին, և այդ սահմանը պետք է կարողանան չանցնել: Ցավոք, Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր իշխանությունները շատ դեպքերում չկարողացան այդ սահմանը պահել:
Կարեն Վարդանյան