Հայաստանում արդեն ուռուցքային հիվանդների ռեեստր է ստեղծվում
Lifestylemed.news.am-ը գրում է.
Ներկայումս Հայաստանում արդեն ստեղծվում է ուռուցքային հիվանդների ռեեստր: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը` մեկնաբանելով Հայաստանում հետազոտություններ անցկացնող Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի օրդինատորների վերջերս արած առաջարկը:
Նա նշել է, որ եթե ավելի ճշգրիտ խոսենք, նման ռեեստր գոյություն ունի, ուղղակի այժմ բոլոր տվյալները թվայնացվում են եւ մոտ վեց ամսից մենք արդեն ուռուցքային հիվանդների ժամանակակից տվյալների բազա կունենանք, որը վիճակագրական վերլուծության ավելի լայն հնարավորություններ կընձեռի: Նա հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ Հարվարդի Հանրային առողջության դպրոցից Ակհիլա Աննամրեդդին եւ Ջոն Սքոթը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել էին, որ ուռուցքային հիվանդների ռեեստրն անհրաժեշտություն է զարգացած առողջապահական համակարգով յուրաքանչյուր երկրի համար, որովհետեւ այն կարող է զգալիորեն օգնել ինչպես բժիշկներին, այնպես էլ առողջապահության կազմակերպման ոլորտի մասնագետներին: