Իմ պատմություններն ավելի շատ համամարդկային են. Կլաաս Վերպլանկ
КультураՀամաշխարհային ճանաչում ունեցող մանկական գրքերի նկարազարդող բելգիացի Կլաաս Վերպլանկը, որը Հայաստան էր ժամանել IBBY Yamada հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» դրամաշնորհային ծրագրի «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակներում Հայաստանի նկարիչների հետ վարպետության դասընթացներ անցկացնելու համար, Orer.am-ին ասաց, որ իր համար առանձնապես տարբերություն չկա՝ մանկական գրքե՞ր է նկարազարդում, պատանիների համար գրված ստեղծագործություննե՞ր, թե՞ այլ, քանի որ մանկական գրքերը նույնպես մեծերի համար են:
«Իմ նկարների միջոցով պատմվող պատմություններն ավելի շատ համամարդկային են՝ տիեզերական, ու շատ հաճախ մեծերը նույնպես կարողանում են իրենց մասին հետաքրքիր դրվագներ գտնել իմ պատմություններում»,- ասաց Կլասսը:
Նրա կարծիքով՝ մեծահասակների և մանկահասակների գրքերի նկարազրարդման միջև տարբերությունն այն է, որ ընտրվող գույները կամ ստեղծվող կերպարները պետք է հարմար լինեն երեխաներին: Նրա խոսքով՝ մեծահասակների աշխարհն անշուշտ ավելի մեծ է, քանի որ նրանք արդեն անցել են մանկության տարիները, իսկ մանուկների համար ստեղծագործելու ժամանակ պետք է հաշվի առնել, որ փոքրիկները դեռ շատ բաներ չգիտեն, ուստի մանկական գրականություն ստեղծելիս պետք է տվյալ տարիքի աշխարհընկալման չափանիշները հաշվի առնել:
«Երեխաների համար ստեղծվող գրքերը չպետք է լինեն շատ բարդ: Երեխաները մշտապես սիրում են այնպիսի պատմություններ լսել, որոնք հաճելի են, և երբ պատմությունն այնքան էլ աշխույժ չի լինում, մանկական գրականության քննադատներն ասում են, որ այն այնքան էլ հաջող չէ: Բայց, իմ կարծիքով, պետք է հարգել երեխային և չպատմել այնպիսի պատմություններ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ գրքերից մեկում ընտանիքի հայրը ալարկոտ է և երեխայի հետ չի խաղում, չի օգնում դասերը պատրաստել և այլն, ու եթե մի երեխայի հայր, օրինակ՝ շատ է սիրում ալկոհոլային խմիչք օգտագործել, ապա այդ երեխան պետք է կարողանա նման կերպար գտնել մանկական պատմություններում»,- ասում է բելգիացի նկարազարդողը:
Կլաաս Վերպլանկը կարծում է, որ երբ երեխան միայն իրենց տանն է տեսնում, որ հայրիկը շատ է սիրում ոգելից խմիչք օգտագործել, կարծում է, թե ինքը միայնակ է նման դժբախտության մեջ, իսկ երբ նա այդպիսի կերպար է տեսնում նաև գրքում, հասկանում է, որ միայն ինքը չէ, որ նման խնդիր ունի: Հիշելով իր մանկության հեքիաթները՝ Կլաասն ասաց, որ իր մանկության հեքիաթներն իրենց բովանդակությամբ ավելի դաժան էին, բայց իր համար ամենատպավորիչ միտքն այն է եղել, որ այն ժամանակ էլ երեխաները հիմար չեն եղել և ցանկացած իրավիճակից դուրս գալու ելքը գտել են:
«Իմ հերոսներն էլ խելացի են, մտածող են, ուժեղ, դրա համար իմ գրքերում ոչ թե հայրն է ջղայնանում երեխայի վրա, այլ երեխան է ջղայնանում հայրիկի վրա, բայց հետո, երբ հասնում է պատմության վերջին, և՛ երեխան, և՛ ծնողը համապատասխան դիրքերում են հայտնվում: Երեխաները պատրաստ են սովորել, պարզապես պետք է նրանց ճիշտ մատուցել ամեն ինչ»,- ասում է դանիացի նկարիչը:
Orer.am-ի՝ փաստորեն իր գրքերից ոչ միայն փոքրերն են սովորում, այլև մեծերը, քանի որ հնարավորություն են ունենում իրենց ոչ միայն կողքից տեսնել, այլև երեխայի աչքերով, նկարիչն ասաց, որ այդ է պատճառը, որ իր գրքերն ավելի շատ համամարդկային են և գնում են ինչպես փոքրերը, այնպես էլ մեծերը:
Արմինե Գրիգորյան