«Նախարարի լակոտ» ժամանակ
БлогԱրտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրամանատարս ասում էր՝ էս համազգեստով էն չես, դու չես, խեղճ ես։ Այ, էկրանի էն ժիր տղան դու ես։ Մարդ նայում ա, ասում ա՝ երնե~կ սրա տիրոջը։ Ասում էր, ու աստղադիր ուսերը թույլ ցնցվում էին:
Հրամանատարս սիրում էր խելքս չափել։ Մեզ միավորում էին Մաքոլիները, Վեսլի Ջեքսոնը, Արամը , յոթանասուն հազար ասորին... խղճի գրականությունը, լավ պատմությունը:
Երբ կյանք չտեսածի համոզվածությամբ «իմաստուն» դատողություններ էի անում, չէր առարկում, «չնվաճված աշխարհամասի» բարձր-բարձր երկնքի պարզությամբ ժպտում էր, հավատում էր ինձ…
Հերթապահությանս օրերին տնտղում էր շարքայինի սեղանի գրքերը: Տուն գնալուց առաջ, աշխատասենյակի բանալին թողնում էր դրանց վրա, որպես գրական ճաշակիս հավանության նշան: Գիշերային ընթերցանության համար հարմար բազմոց կար իր` ՊՆ լրատվության վարչության պետի, հանգստի սենյակում:
Էդ սովորությունը մի երկուշաբթի առավոտ ՉԷՊԷ էր բերել գլխին: Ամբողջ նախարարությունը իմացել էր` մի զինվոր ( ենթադրաբար, օլիգարխական ծագման) քնով է անցել, վարչության գլխավոր մուտքի դուռը չի բացում ծառայողների առաջ:
<<Նախարարի լակոտ ես պահու՞մ մոտդ>>,- մի <<մարոզ>> փոխնախարար իր <<խորագետ>> լինելն էր ցույց տվել հրամանատարին:
Գնդապետ Վրեժ Իսրայելյանը զզվանքի , թե արհամարհանքի պես մի բան թաքցրել էր ժպիտի տակ ու աստղադիր ուսերը թույլ ցնցել: