Տիգրան Սարգսյանը վարել է նորացված կազմով ԵՏՀ կոլեգիայի առաջին նիստը
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փետրվարի 2-ին գումարել է նոր կազմով իր առաջին նիստը:
Ինչպես տեղեկացրին ԵՏՄ կոլեգիայի մամլո ծառայությունից, նիստի բացման խոսքում կոլեգիայի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ կոլեգիայի նոր կազմի հիմնական խնդիրն է եվրասիական տնտեսակ ան տարածում ինտեգրացիոն գործընթացերի խորացումը: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, լինելով անդրաազգային կառույց, պատասխանատվություն է կրում ինտեգրացիոն գործընթացների խթանման գործում»,- նշել է Սարգսյանը:
Նա նաև շեշտադրել է կոլեգիայի աշխատանքների շարունակականության հանգամանքը` հիշեցնելով, որ կոլեգիայի անդամների մեծամասնությունն աշխատել է նաև նախորդ կազմում: «Մեր նախագահների որոշումներում ապահովվում է շարունակականությունը: Դա այսօր նշանակալիորեն հեշտացնում է մեր աշխատանքը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կոլեգիայի նախագահի խոսքով` ներկայում ԵՏՄ անդամ երկրների առաջ ծառացել են նոր մարտահրավերներ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ավելի հեշտ կլուծենք նախագահների կողմից մեր առջև դրված խնդիրները: Մենք պետք է հավաքենք եղած ողջ փորձը և իմաստություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգնել չի կարելի, անհրաժեշտ է առաջ շարժվել: Միաժամանակ մենք պետք է միասնական լինենք: Ես կանեմ հնարավորը, որ այդ միասնությունը լինի նաև մեր թիմում` կոլեգիայում և մեր աշխատանքում»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվել են առևտրին և անասնաբուժական ու սանիտարական պահանջներին առնչվող մի շարք հարցեր:
2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսել ԵՏՀ կոլեգիայի նորացված կազմը:
Այն հաստատվել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նախագահների կողմից անցած տարվա դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ այսուհետ այդ ղեկավար մարմնում Միության յուրաքանչյուր պետություն (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ԵՏՀ կոլեգիայի երեք անդամների (Նախարարների) փոխարեն ներկայացված կլինի երկուսով:
Կոլեգիայի անդամների թիվը փետրվարի 1-ից կկազմի 10 մարդ:
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, Հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն):
Ըստ ԵՏՄ մասին պայմանագրի` ԵՏՀ կոլեգիայի լիազորությունների ժամկետը չորս տարի է: