ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015 թվականի ընթացքում ընթացք է տրվել 1737 դիմումի
ОбществоՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2015 թվականի ընթացքում քննարկվել և սահմանված կարգով 1737 դիմումի ընթացք է տրվել: Այս մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդլայնված խորհրդի նիստում տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:
«2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 920 դիմում, այսինքն՝ 2015թ. ընթացքում գրեթե կրկնապատկվել է քննարկված դիմումների քանակը»,- նշեց Մուշեղ Բաբայանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի խոսքով` քննարկված դիմումներից 166-ով նախապատրաստվել են նյութեր, 51-ով հարուցվել են քրեական գործեր, 450-ով տրվել են պարզաբանումներ, 832-ը կցվել են քրեական գործերին կամ նյութերին, մնացած դիմումները ևս ստացել են իրավական ակտերով սահմանված ընթացք:
«Ուշագրավ է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է ոչ միայն քրեադատավարական օրենսդրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայությանը հանձնված քրեական գործերի, այլ նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցված և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված քրեական գործերի քննության հաշվին: 2015թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ծառայության վարույթում քննվել են նման 81 քրեական գործեր»,-նշեց նա: