Կարեն Ճշմարիտյանը կանխատեսում է սպառողական գնանկման ազդեցության չեզոքացում առաջիկա ամիսներին
ЭкономикаՀայաստանում սպառողական գնողունակության անկումը, որն արձանագրվել է 2015-ին, կշարունակի ունենալ իր ազդեցությունը 2016-ի առաջին ամիսներին:
«Բնական է, որ որոշակի ժամանակ 2015 թվականի տրանսֆերտների պակասի արձագանքը մեզ վրա զգալու ենք: Բայց հուսով եմ, որ մի քանի ամսում այն կչեզոքացվի, քանի որ արդեն առևտրի ու ծառայությունների ոլորտում կան նոր ներդրումների ու նախաձեռնությունների մասին հավաստիացումներ»,- փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով` մի խումբ գործարարներից տեղեկացել է, որ առաջիկայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, և դա վերաբերում է ամենատարբեր ոլորտների` սկսած սննդի արդյունաբերությունից մինչև խաղային, ատրակցիոնային, բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության ոլորտներ:
2015-ին առևտրի ոլորտում նվազում է գրանցվել 8 տոկոսով: Առևտրի ցուցանիշի նվազումը պայմանավորված է արտաքին մասնավոր տրասնֆերտների ծավալի կրճատմամբ: 2015-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա համեմատ տրանսֆերտների ծավալը նվազել է 37.2 տոկոսով, ընդ որում` ՌԴ-ից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4 տոկոսով:
Ներքին առևտրի շրջանառությունն էլ նախորդ տարվա համեմատ նվազել է 6.4 տոկոսով: