Կառավարությունն արտոնություն տրամադրեց արտահանող ընկերությանը
ЭкономикаՀՀ կառավարությունը «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 2016 թվականի հունվարի 31-ի փոխարեն երկարաձգեց մինչև 2016-ի հուլիսի 31-ը:
Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում` ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար:
«Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ընկերության կողմից արդեն իսկ ներմուծվել է որոշ խմբաքանակի սարքավորումներ` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունը իրականացնել` երկարացնելով ներմուծվող սարքավորումների ժամկետը»,- ասաց Ճշմարիտյանը:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.` 125, 2017թ.` 130 և 2018թ.` 140 հազար դրամ: