Տնտեսական դժվարությունների դեմ պայքարում ենք «զվարճանքով և հանգիստով»
ЭкономикаԾառայությունների ոլորտը, գյուղատնտեսության և արդյունաբերության հետ միասին 2015 թ.-ի տնտեսության ակտիվության աճը ապահովող ոլորտներից է եղել, որն ունեցել է 2,7 % աճ և ընթացիկ գներով ապահովել է 128,6 մլրդ. դրամի ծառայություններ: Առևտրի շրջանառության 8% անկման ֆոնի վրա, դա անշուշտ որոշակի հետաքրքրություն է հաղորդում, քանի որ արտերկրից տրանսֆերտների անկումը և դրա արդյունքում գնողունակության անկումը, բացասական ազդեցությունը պետք է ունենար նաև ծառայությունների ոլորտի վրա:
Հետաքրքիր է, որ նախորդ տարի, մեր քաղաքացիները ավելի շատ միջոցներ են ծախսել զվարճությունների և հանգիստի վրա, սակայն դրա փոխարեն նվազել են ծախսերը կրթության և առողջապահական ծառայությունների վրա: ԱՎԾ-ի, երեկ հրապարակված տվյալների հիման վրա՝ ծառայությունների աճին հիմնականում նպաստել է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ոլորտը, որի աճը կազմել է 68,1%: Իսկ «առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկումը» և «կրթության» ծավալները նվազել են՝ 3,7 %-ով և 1,6 %-ով: «Ֆինասնական և ապահովագրական գործունեություն» ոլորտը նույնպես գրանցել է 3,6% աճ: Մոտ 20% ամենամեծ անկում գրանցել է տրանսպորտի ծառայությունները, որը մտահոգիչ ցուցանիշ է: «Տեղեկատվության և կապի» ոլորտը նույնպես գրանցել է 2,7% անկում, իսկ անշարժ գույքի հետ կապված գործարքները փոփոխություն չեն կրել:
Տարվա ընթացքում ծառայությունների ծավալները հետևյալ աճի միտումներ են ունեցել: Նախ, բոլոր ամիսներին ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ աճ է գրանցել, թեև հուլիս-օգոստոս ամիսներին, այդ աճը չնչին է եղել, կազմելով ընդամենը 0,5-1,1%: Ամենաակտիվ սեզոնը ծառայությունների համար եղել է առաջին եռամսյակում, երբ նախորդ ժամանակահտավածի նկատմամբ ունեցել է 3,9 % աճ:
Ըստ նախորդ ամիսների նկատմամբ աճի միտումների, ամենաակտիվ ամիսներից են եղել դեկտեմբերը՝ որը ունեցել է 27% աճ նոյեմբերի նկատմամբ, ինչպես նաև մարտը՝ 9,7% և հունիսը` 9,2% աճով համապատասխանաբար: Իսկ ամենաանկումային ամիսներն են՝ բնականաբար հունվարը՝ 32,1 % անկումով և նոյեմբերը՝ 8,8% անկումով: Նշված ամիսները որոշակիորեն համահունչ են նաև տնտեսական ակտիվության աճի դինամիկայի հետ: Հիշեցնենք, որ 2015 թ.-ին տնտեսական ակտիվության ամենաբարձր աճ գրանցվել է դեկտեմբերին, իսկ ամենամեծ անկում հունվարին և նոյեմբերին: