«ՀՀ Ազգային Ժողով» կոչվող սերիալը
АналитикаՀերթական տրագիկոմիկ ժանրի մեջ, «սերիալային» բնույթի «երկխոսությունը» կամ ակնարկների փոխանակումը եղավ մեր հայրենի Ազգային ժողովում:
Գլխավոր գործող անձիք էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և ՀՀ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիան համեմատել էր «հուզիչ և ձանձրալի սերիալի» հետ՝ ասելով, թե ՀՀԿ-ը ու ՀՅԴ-ը «կամ ամուսնանում են, կամ՝ բաժանվում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի պատասխանն էլ չէր ուշացել և իր «սերիալային» բնույթով չէր զիջել Զուրաբյանի հայտարարությանը: Բաղդասարյանն ասել է, թե «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություններ են անում, եթե չկան առաջարկներ»:
Հիմա տեսաք, չէ՞՝ որտեղ է իսկական սերիալը: Մեր Ազգային ժողովն ամբողջությամբ մի մեծ ու երկարատև սերիալ է՝ տրագիկոմիկ ժանրի մեջ, որն արդեն մոտ 25 տարի է՝ ընթանում է: Մեկ-մեկ գործող անձնիք ու դրվագներն են փոխվում, բայց հիմնական բովանդակությունը մնում է նույնը: Այսպիսի փոխադարձ «սիրո խոստովանություններ»՝ վիրավորանքների տեսքով, առաջին անգամը չէ, որ տեսնում ու լսում ենք ԱԺ-ում պատգամավորների միջև, ընդ որում, իշխանական ու ընդդիմադիր՝ իրար լիովին արժանի են, մեկը մյուսից հետ չի մնում, մեկը մյուսին լրացնում է:
Եվ այս մեծ «սերիալի» դերասանները նաև տաղանդավոր են, նույնիսկ երբ նրանք մոռանում են, թե, ըստ նախատեսված դերի, ինչ պիտի ասեին երկխոսության մեջ, իրենց չեն կորցնում և մի հետաքրքիր բան մտածում, ասում են, կարողանում են նույնիսկ կրեատիվ մոտեցումներ ցուցաբերել:
Երբեմն, իհարկե, նաև աննշան սխալներ են թույլ տալիս. օրինակ` Վահրամ Բաղդասարյանը, երբ ՀԱԿ-ին անվանեց «տանը մնացածներ», երևի թե մոռացավ այդ պահին, որ «տանը մնացած» լինելու համար էլ որոշակի տարիքային շեմ կա, իսկ ՀԱԿ-ը այդ շեմն էլ է անցել: Չնայած որ ՀՀԿ-ն էլ առանձնապես իր երիտասարդությամբ չի փայլում:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան