Ընդդիմադիրներն այսօր շատ ավելի կարևոր գործեր ունեն
Аналитика«Նոր Հայաստան» շարժումը երեկ ևս մեկ անգամ կոչ արեց ընդդիմությանը համախմբվելու, բայց այս անգամ էլ ընդդիմությունը կոչը թողեց անարձագանք, համենայն դեպս՝ առայժմ:
Ու չեմ կարծում, թե մասնավորապես ԱԺ-ում գործող ընդդիմադիր ուժերը ոչ միայն կպատասխանեն, այլ նույնիսկ կհետաքրքրվեն «Նոր Հայաստանի» կոչով:
Ընդդիմադիրները այսօր շատ ավելի կարևոր գործեր ունեն. մեկ տարուց ԱԺ ընտրություններն են, ձևավորվելու է արդեն խորհրդարանական Հայաստանի խորհրդարանը, և բնական է՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր առաջին հերթին մտածում են այդ խորհրդարանում տեղ ունենալու մասին, իսկ դրա համար աշխատանք է պետք, պատրաստվել է պետք, ծրագրեր են պետք, համակիրներ…
Մասնավորապես, համակիրների հարցը այսօր խիստ մտահոգիչ է, որովհետև նրանք քչանալու միտում ունեն: Եթե այսօր քաղաքական որևէ ուժ փորձում է ինչ-որ փողոցային հավաք կազմակերպել, ապա դժվարությամբ կարողանում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ հավաքել, իսկ «Նոր Հայաստանի» մասին ընդհանրապես չեմ ասում. ընդամենը մի քանի հոգու հավաքելով իրենց շուրջը՝ այնպիսի պաթետիկ, հնչեղ հայտարարություններ ու կոչեր են անում, կարծես թե երկրի ամբողջ մարդկային ռեսուրսը իրենց ձեռքերում է, հասարակության 90%-ն էլ՝ իրենց համակիրները:
Առանց գնահատելու սեփական ուժն ու հնարավորությունները, առանց գիտակցելու սեփական անտեսվածության աստիճանը՝ նորհայաստանցիները հայտարարություններ են անում, որոնք բնորոշ են առնվազն երկրի բնակչության ճնշող մեծամասնության համակրանքն ու վստահությունը վայելող լիդերներին: Եվ այդ հայտարարություններն անում են մի քանի հոգու առջև: Առաջ գոնե ոստիկաններ էին այնտեղ շատ լինում և ոստիկաններն իրենցով ինչ-որ մարդաքանակ էին ապահովում: Հիմա կարծես ոստիկաններն էլ են անտեսել ազգի «փրկիչներին»:
Բայց, պատկերացնում եք, մի օր վերցնեն ու իսկապես «փրկեն»: Ի՞նչ է լինելու…
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան