ԵՄ հարցման արդյունքներով հայերը դրական են վերաբերվում Հայաստան-ԵՄ հարաբերություններին
Հայերի զգալի հատվածը կարծում է, որ Եվրամիությունը կարևոր գործընկեր է իրենց երկրի համար և հարաբերությունները Հայաստանի ու կառույցի միջև բարենպաստ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Հայաստանի վերաբերյալ 2014 թվականի գարնանը ԵՄ Հարևանության բարոմետր ընկերության կողմից արած հետազոտության արդյունքերն ամփոփող զեկույցում:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ մայիս-հունիսին իրականացված 1003 հարցազրույցներում կա նվազման միտում այն մարդկանց շրջանում, ովքեր լավատես են ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցում: Նրանք կազմում են հարցվածների 62 տոկոսը, ինչը 4-ով պակաս է վեց ամիս առաջվա տվյալներից:
Հայերի 58 տոկոսը կարծում է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է, իսկ 56 տոկոսի համոզմամբ'ԵՄ-ն ու Հայաստանն ունեն բավարար քանակությամբ ընդհանուր արժեքներ համագործակցելու համար, ինչը տարածաշրջանում միջինից բարձր ցուցանիշ է: Այդուհանդերձ, միայն 48 տոկոսն է (նախկինում' 55 տոկոս) հավատացած, թե ԵՄ-ն տարածաշրջանին խաղաղություն և կայունություն է բերում: Ըստ հետազոտության, 44 տոկոսը (նախկինում' 58 տոկոս) կարծում է, որ ԵՄ աջակցությունը մեծապես նպաստում է երկրի զարգացմանը:
Հայերի մեծամասնությունը դրական պատկերացում ունի ԵՄ վերաբերյալ, հարցվածների 45 տոկոսը վստահում է կառույցին (ավելի շատ, քան ՆԱՏՕ-ին, սակայն ավելի քիչ, քան ՄԱԿ-ին):
Հարցմանը մասնակցած հայերի 63 տոկոսը ընդհանուր առմամբ գոհ է իր կյանքից, ընդ որում կյանքից բավարարված լինելու աստիճանը մեծապես կախված է եղել հարցվողների երիտասարդ տարիքից և կրթական մակարդակից: Այդուհանդերձ, պատասխանողների 87 տոկոսն ասել է, որ տնտեսական վիճակը վատ է, իսկ 46 տոկոսը կարծիք է հայտնել, որ երկրի տնտեսական վիճակն ավելի կվատանա մեկ տարի անց: Հարցվածների զգալի մեծամասնությանը չի բավարարել երկրում ժողովրդավարության վիճակը: