«Հայոց ցեղասպանության ժխտումը դուռ է բացում նոր ցեղասպանությունների համար». Արտակ Զաքարյան
Միջագային հանրությունը չպետք է մոռանա, որ Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է ճանապարհ բացել նոր ցեղասպանությունների համար: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ արտակ Զաքարյանը: «Բոլորը պետք է հասկանան, որ միայն ցեղասպանությունների դատապարտումը և պատժելիությունը կարող են կանխել նոր ցեղասպանությունները, իսկ քանի դեռ անպատժելիություն է, նոր ցեղասպանությունները երբեք չի կարելի բացառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զաքարյանը:
Նա Թուրքիային կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերականգնել պատմական արդարությունը: «Թուրքիան պետք է հասկանա, որ պատմական ճշմարտության վերականգնումն անուրանալի է և Հայոց ցեղասպանութւյան ճանաչումը պատմական ճշմարտությունը և արդարությունը վերականգնելու քայլ կլինի այդ երկրի կողմից: Նաև մենք բոլորս միասին պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի պատմական ճշմարտությունը վերականագնվի»,- ասաց Զաքարյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն իրավական տեսանկյունից՝ Զաքարյանը նշեց, որ այս դեպքում կարևոր է ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Նա նշեց, որ շատ կարևոր է գիտակցել, թե վերջնական ճանաչումը ինչ իրավական հետևանքներ կարող է իր հետ բերել: