«Ադրբեջանի ԿԲ նախագահը «կաշառքի դատավարությունում» հանցագործության սուբյեկտներից մեկն է»
Международные новостиԱվստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի՝ Ադրբեջան կատարած աղմկահարույց այցից հետո իշխանական ճամբարում լուրջ անհանգստություն է առաջացել: Կուրցը լարված քննարկումներ է անցկացրել ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ՝ պայմանավորված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը գրում է, որ իշխանությանն անհանգստացնող հարցը միայն դա չէ: Ավստրիայի արտգործնախարարը Մամեդյարովի հետ քննարկել է նաև Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովին Վիենայում անցկացվող «կաշառքի դատավարությունում» հարցաքննելու հարցը:
Խոսքը Ավստրիայի ԿԲ-ին կից «Oesterreichische Banknoten-und Sicherheitsdruck GmbH» (OeBS) ընկերության կողմից Ադրբեջանի և Սիրիայի համար ազգային արժույթ տպագրելու վերաբերյալ այդ երկրներում պայմանագրեր կնքելու համար հիշյալ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի գծով Վիեննայում ընթացող դատական գործի մասին է, որով անցնում է նաև Էլման Ռուստամովի անունը:
Կուրցը Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ նրա ուշադրությունն է հրավիրել վիեննական դատարանում Էլման Ռուստամովին հարցաքննելու անհրաժեշտության հարցի վրա:
Ադրբեջանի իշխանությունն անհանգստացած է, որ այդ հարցի ֆոնին Ուկրաինայի հետ կապված նման գործընթացները կարող են կրկնվել Ադրբեջանում: Բանն այն է, որ «Եվրոմայդանի» իրադարձությունների շեմին Ավստրիայում բացահայտվել էր Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի և ընտանիքի անդամների բիզնես կայսչությունը: Ուկրաինայի մամուլում այդ հարցը լուսաբանվելուց հետո Ավստրիան սառեցրել էր Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի բանկային հաշիվները և կալանք դրել 5 մլն եվրո արժողությամբ նրա անշարժ գույքի վրա: Նման գործընթացներ տեղի ունեցան նաև Ուկրաինա յի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի հետ: Ավստրիայի այդ քայլերից հետո Ազարովը հրաժարական տվեց:
«Ազադլիգ»-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանության մեջ համոզմունք է ստեղծվել, որ Ավստրիան կարող է նույն քայլերը կատարել նաև Էլման Ռուստամովի նկատմամբ, ինչը ցավալի արդյունքներ կծնի իշխանության համար:
«Էլման Ռուստամովի անունը հոլովվում է կոնկրետ քրեական գործում և դատական գործընթացում բնութագրվում որպես հանցագործության սուբյեկտներից մեկը: Իսկ դա նշանակում է, որ Էլման Ռուստամովը չի կարողանալու պատասխանատվությունից ազատվել միայն դատարանում ցուցմունք տալով: Գլխավոր բանկիրը կարող է դատական գործին մասնակից դարձվել որպես մեղադրվող անձ: Եթե Վիեննայի դատարանը համառ գտնվի Էլմար Ռուստամովին դատարանում հարցաքննելու հարցում, ուրեմն դրա համար կատարելու է բոլոր անհրաժեշտ քայլերը: Ադրբեջանի իշխանությունը կարծում է, որ Վիեննայի դատարանի դիմադրությունը կարող է լինել իր դեմ անցկացվող ծրագրված արշավի ցուցադրությունը:
Կասկած չկա, որ Էլման Ռուստամովի հետ կապված հարցը հասնելու է իշխանության ամենավերին օղակներ, քանի որ անհնար է, որ ազգային արժույթի տպագրության հետ կապված այդ գործը նա իրականացրած լիներ միայնակ:
Այսպիսով, գործընթացներն ավելի չդրամատիկացնելու համար իշխանությունը կամ պետք է զոհաբերի Էլման Ռուստամովին, կամ էլ պետք է դիմակայության մեջ մտնի Ավստրիայի հետ և պատրաստվի այդ երկրից եկող հարվածներին», -գրում է թերթը: