Հայ երաժիշտները մասնակցել են Berlin Philharmonic Wind Quintet-ի վարպետության դասերին
КультураՀայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 5 երաժիշտ Գերմանիայում մասնակցել է Berlin Philharmonic Wind Quintet-ի վարպետության դասերին:
Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ) տեղեկացրեց, որ եռօրյա դասերը կազմակերպվել են Բեռլինում:
«Երիտասարդական նվագախմբի մեր կվինտետով մեկնեցինք Բեռլին` Berlin Philharmonic նվագախմբի երաժիշտների հետ վարպետության դասերի մասնակցելու համար: Բեռլինի ֆիլհարմոնիկը ներկայացման կարիք չունի: Այն բոլոր ժամանակներում եղել է ամենահեղինակավորը, ամբողջ աշխարհի երաժիշտները ձգտել են նվագել այնտեղ: Ունեցել է աշխարհի ամենալավ դիրիժորները, շատ հայտնի երաժիշտներ են նվագել այնտեղ»,-նշեց Նիկոլայ Պողոսյանը:
Նրա խոսքով`պլաններում կա, որ Berlin Philharmonic Wind Quintet-ը գա Հայաստան, և Երևանում համերգ կազմակերպվի:
«Մեզ համար շատ մեծ փորձ էր: Նրանք էլ շատ ուրախացան, որ հատուկ Հայաստանից գնացել ենք վարպետության դասերի մասնակցելու: Մասնակցել ենք նաև անհատական պարապմունքների»,-շեշտեց նա:
Վարպետության դասերի մյուս մասնակից Դավիթ Գյուլամիրյանն (կլարնետ) էլ մեզ հետ զրույցում կարևորեց այն փաստը, որ հայ երաժիշտները վարպետության դասերի են մասնակցել լավագույն նվագախմբերում նվագող երաժիշտների հետ:
«Մեզ համար մեծ պատիվ էր , շատ ջերմ ընդունեցին մեզ, նույնիսկ զարմացան, որ գնում ենք ավելի շատ բան սովորելու: Դասընթացն ինձ համար շատ կարևոր էր: Լրիվ ուրիշ աշխարհ էր: Նրբություններ, մանրամասներ սովորեցինք, որոնց մինչ այդ ոչ մի տեղ չէինք հանդիպել »,-հավելեց նա:
Դավիթ Գյուլամիրյանի խոսքով` Berlin Philharmonic Wind Quintet-ի անդամները ծանոթ էին Հայաստանին:
«Գիտեին երկրի մասին, գիտեին հայ կոմպոզիտորների գործերից»,-նշեց նա` հավելելով, որ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից նոտաներ պետք է փոխանցի երաժիշտներին:
Վարպետության դասերին մասնակցել են նաև Երիտասարդական նվագախմբի երաժիշտներ Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Տիգրան Վարդանյանը (հոբոյ), Արմեն Կարագյանը (գալարափող): Դասընթացները տեղի են ունեցել հունվարի 27-29-ը:
Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետը հիմնադրվել է 1988թ.՝ Հերբերտ ֆոն Կարայանի կողմից Բեռլինի ֆիլհարմոնիկը ղեկավարելու տարիներին։ Այն աշխարհահռչակ նվագախմբերի կազմում ստեղծված առաջին փողային կվինտետն է, որն ունի կամերային երաժշտության հարուստ ավանդույթներ։ Փողային կվինտետի անդամները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն են, ովքեր, համերգային գործունեությունից բացի, հանդես են գալիս նաև կրթական ծրագրերով՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդներին։