Հայաստանն ու Շվեդիան գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են կնքել
ЭкономикаՀայաստանն ու Շվեդիան փետրվարի 9-ին կնքել են գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նկատեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը, համաձայնագիրը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
«Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով հանդիպմանը մենք կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Մարգոտ Վալստրյոմն էլ նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է, ինչը կհեշտացնի շվեդ քաղաքացիների գործունեությունն ու կյանքը Հայաստանի Հանրապետությունում, փոխադարձաբար նույնը` հայ քաղաքացիների համար Շվեդիայում:
Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին:
2015 թվականին Հայաստանից Շվեդիա է արտահանվել 480.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, Շվեդիայից Հայաստան ներմուծվել է (ըստ ծագման երկրի) 23 միլիոն 796.4 հազար դոլարի ապրանք, ըստ առևտուր անող երկրի` 15 միլիոն 094.2 հազար դոլարի ապրանք: