Վալերի Գերգիեւի հետ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը մեկնարկում են մյունխենյան համերգով
КультураՎալերի Գերգիեւը համերգների շարք Է սկսում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս փառաբանված կոլեկտիվի դիրիժորի պարտականությունները Գերգիեւը կստանձնի ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մարինյան թատրոնի մամուլի ծառայությունում, հյուրախաղերը մեկնարկելու են փետրվարի 10-ի համերգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հյուրախաղերի առաջին օրը՝ փետրվարի 10-ին, Մյունխենի Գաստայգ մշակութային կենտրոնում, իսկ այնուհետեւ փետրվարի 12-ին Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում կհնչեն՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի դաշնամուրի 9-րդ կոնցերտը եւ Պյոտր Չայկովսկու «Մանֆրեդ» սիմֆոնիան: Մենակատարելու Է չինացի դաշնակահարուհի Յուջա Վանգը:
Այնուհետեւ, փետրվարի 20-ին եւ 22-ին ելույթները կշարունակվեն Վիեննայի Մուզիկֆերայնում: Ծրագրում տեղ են գտել Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա» օպերայի նախերգանքը՝ Դմիտրի Շոստակովիչի գործիքավորմամբ, ավստրիացի կոմպոզիտոր Օլգա Նոյվիրտի «Ճանապարհորդություն/Ժամացույց՝ առանց ձեռքերի» ստեղծագործությունը: Այն նվիրված Է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ առաջին անգամ կոլեկտիվի կողմից կատարվել Է 2015 թվականին: Նաեւ կհնչեն հատվածներ Ռիխարդ Վագների «Աստվածների կործանումը» օպերայից:
Վոկալային դերերգը կկատարի ամերիկացի երգչուհի Հայդի Մելթոնը, որի համար այս ելույթը առաջինը կդառնա Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նույն այդ ծրագիրը կհնչի այն համերգի ընթացքում, որը փետրվարի 23-ին կկայանա Բուդապեշտի Արվեստների պալատում:
Հյուրախաղերը կշարունակվեն ԱՄՆ-ում, որտեղ նվագախումբը մաեստրո Գերգիեւի ղեկավարմամբ փետրվարի 26-ից մինչեւ 28-ը երեք օր հանդես կգա Քառնեգի-հոլի բեմում: