Հարվածներ ԵՏՄ-ից
АналитикаԱնցյալ տարվա կեսերին, երբ Հայաստանից Ռուսաստան արտահանած 200 տոննա ձուկը հենց սահմանին ոչնչացվեց, ռուս գործընկերները պատճառաբանեցին, թե ձուկը թյուրիմացաբար է ոչնչացվեել, քանի որ ուղեկցող փաստաթղթերը թերի են եղել և տեղի պաշտոնյաներն էլ կարծել են, թե այն Թուրքիայից ներկրված ապրանք է:
Այս անգամ էլ Հայաստանից Ռուսաստան արտահանված լոլիկն է նույն ճակատագրին արժանացել, և օրերս Ռուսաստանի գյուղմթերքի վերահսկողական ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստան ներկրված լոլիկն առանց ուղեկցող փաստաթղթերի է եղել, իսկ արկղերը նման են թուրքական արկղերի:
Ու քանի որ Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերք ներկրելն օրենքով արգելվել է, լոլիկի ողջ խմբաքանակը որակվել է վտանգավոր և հաջողությամբ ոչնչացվել:
Ի դեպ, զարմանալին այն է, որ եթե ձկան դեպքում ողջ խմբաքանակը առգրավվել և ոչնչացվել է Սոչիի մաքսակետում, ապա փետրվարի 2-ին առգրավված և ոչնչացված մոտ 8 տոննա լոլիկը «հայտնաբերվել է» Ռուսաստանի «Դոն» մայրուղու վրա, այսինքն՝ սահմանային անցակետից բավական հեռու:
Ասվածից պարզ է դառնում, որ եթե լոլիկը Թուրքիայից ներկրված լիներ, ապա չէր հասնի մինչև «Դոն», ուրեմն այն ներկրված է եղել ԵՏՄ անդամ որևէ երկրից, այս դեպքում՝ Հայաստանից:
Ի դեպ, քանի որ լոլիկի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատը, իսկ այս «միջադեպն» էլ ամենևին պատահականության հետևանք չէ:
Խնդիրն այն է, որ երբ հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 1-ից ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար է նշանակվելու Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ակնկալվում էր, որ Հայաստանի ներկայիս և նախորդ վարչապետերի ջրերը մի առվով չեն հոսելու: Բայց դժվար էր պատկերացնել, որ նրանց միջև հարաբերություններն այնքան կսրվեն, որ կվերածվեն խոշոր տնտեսական մահակի և Հայաստանից Ռուսաստան արտահանված լոլիկի ողջ խմբաքանակը կհայտնաբերվի Ռոստովի մայրուղիում և թուրքականի անվան տակ, առանց շունչ քաշելու, կոչնչացվի:
Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Դոն» մայրուղում հայտնաբերված լոլիկի խմբաքանակը փորձաքննության է ենթարկվել Ռոստովի մարզի փորձաքննության կենտրոնում և պարզվել է, որ այն վարակված է: Այնպես որ, կարելի է համարել, որ Հայաստանի նախկին և ներկա վարչապետերի միջև առկա հակամարտությունը նոր ուղղվածություն և նոր թափ է ստացել:
Ու եթե կրկին հիշենք բազմիցս հիշատակված ու հայտնի տողերը, թե «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», ապա մոտավորապես կկարողանանք կռահել, թե ԵՏՄ-ից սպասվող հերթական մահակներն ում համար ինչքան ցավալի կարող են լինել:
Բայց միանշանակ կարելի է ասել, որ սա վարչապետերի միջև առկա հակամարտության անդրանիկ դրսևորումն էր, իսկ թե քանի՜-քանի՜ չխաղարկված շախմատային պարտիա կա նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի պահուստում, որոնք դեռ կկիրառվեն ՀՀԿ-ի վերնախավին մի լավ մտրակելու համար, պարզ չէ, բայց որ դրանք կան ու կյանքի կկոչվեն, կասկած չի կարող լինել:
Արմինե Գրիգորյան