Հայաստանը Կայուն զարգացման 17 նպատակներին ինտեգրման քայլեր է ձեռնարկում
ЭкономикаՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՏՍՀ) գործադիր քարտուղար, դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել են. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի ղեկավար Տիցիանա Բոնապեյսը, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի գլխավոր պաշտոնյա Նիկոլայ Պոմոշնիկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության աշխատակիցներ:
Ողջունելով Շամշադ Ախթարին և պատվիրակության անդամներին՝ Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևում է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին և նոր մոտեցումներին` նշելով, որ քայլեր են ձեռնարկվում մեր երկրի զարգացման գործընթացում համաշխարհային հանրության կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների ինտեգրման ուղղությամբ:
Պատասխան խոսքում դոկտոր Ախթարը նշել է, որ Հայաստան այցելելու իր որոշումը պայմանվորված է դեպի ծով ելք չունեցող երկրներին աջակցելու ցանկությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի պատվիրակության Հայաստան կատարած այցի հիմնական նպատակները, մասնավորապես` առաջիկա տարածքային միջկառավարական հանդիպումներին, ինչպես նաև 2016թ. մայիսի 15-19-ը Բանգկոկում կայանալիք հանձնաժողովի հաջորդ նստաշրջանին Հայաստանի մասնակցության, Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և երկրի սահմանած առաջնահերթություններին վերաբերող հարցեր:
Դոկտոր Ախթարը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ն հարթակ է ստեղծում տարածաշրջանի երկրների ղեկավարների համար` քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Այս ենթատեքստում երկուստեք կարևորվել է զարգացման քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով գործող միջկառավարական հանձնաժողովների դերը:
Գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող հարցերի առնչությամբ (դրանք ընդգրկված են ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների հանձնաժողովի իրավասություններում) ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է նախարարության կողմից մշակված «Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին» փաստաթղթի կարևորության մասին` կայուն զարգացման քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում, որպես օրինակելի զարգացման մոդել, ծառայելու տեսանկյունից:
Հանդիպման ավարտին դոկտոր Շամշադ Ախթարը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին հանգամանալից զրույցի և օգտակար մեկնաբանությունների համար: