Չեխ նախարարն ակնկալում է երկկողմ տնտեսական ներուժի լիակատար օգտագործում
ЭкономикаՉեխ գործարարների ակտիվ մասնակցությունը «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովին ապացուցում է, որ նրանք հետաքրքրված են հայկական շուկայով և իրենց հայ գործընկերներին առաջարկելու բան ունեն բազմաթիվ ոլորտներում` ինչպես ավանդական, այնպես էլ զարգացող: Երևանում նման հայտարարությամբ հանդես եկավ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը:
«Հուսով ենք, որ այս այցը դրական ազդեցություն կունենա մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Չնայած մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունները երկար տարիների ավանդույթ ունեն, սակայն արդի տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում երկու կողմերի ներուժին»,- ասաց չեխ պաշտոնյան:
Նրա դիտարկմամբ` խոստումնալից է էներգետիկայի ոլորտն իր բոլոր սեկտորներով, համագործակցության մեծ հնարավորություններ են տեսնում քաղաքային տնտեսության, արտադրական նոր հզորությունների արդիականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Յան Մլադեկն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման առնչությամբ:
Նա նաև նշեց, որ Չեխիան այլ երկրների պես հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ, և հույս ունեն, որ Հայաստանը կարող է Չեխիայի ու Իրանի միջև կամուրջ հանդիսանալ:
Յան Մլադեկը տեղեկացրեց, որ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը կկայանա ապրիլի 25-26 Պրագայում, որի հիմնական նպատակն է խթանել գործարարների շփումը` չսահամափակվելով միայն պետական հաստատությունների միջև հարաբերություններով: