Ադրբեջանի տնտեսական քաոսը` սահմանային լարվածության պատճառ. Նաիրա Զոհրաբյան
ИнтервьюԻնչպես արդեն հայտնել էինք, փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
Թե արդյոք սահմանի լարվածություն կարելի է կապել ԵԽԽՎ վերջին զարգացումների հետ, Orer.am-ը ճշտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:
«Այն լարվածությունն ու այն սադրանքները, որոնք առկա են հայ-ադրբեջանական սահմանին, ես չէի կապի ԵԽԽՎ նիստերի հետ: Օրեր առաջ Ալիեւն ու Մամեդյարովը բացահայտ ցինիկ հայտարարություններ արեցին Մինսկի խմբի համանախագահների հասցեին: Իրենք ուղղակիորեն զավեշտի հասցրեցին Մինսկի խմբի գործունեությունը եւ ես առնվազն զարմանում եմ, որ մինչ այս պահը Մինսկի խումբը չի պատասխանել Ալիեւի եւ Մամեդյարովի՝ իրենց հասցեին հնչեցված նման ցինիկ հայտարարություններին:
Այս ամենը մեկ բան է նշանակում, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային բոլոր պայմանավորվածությունները, նա արհամարհում է միջազգային բոլոր ֆորմատները, այդ թվում նաեւ միջազգայնորեն ընդունված բանակցային միակ ձեւաչափը: Ադրբեջանն իր կարծիքով ուզում է ուժի դիրքերից հարցեր լուծել՝ չհասկանալով, որ ուժը իր կողմը չէ»: Ադրբեջանի նման պահվածքը Ն.Զոհրաբյանը բացատրում է տվյալ երկրում տիրող տնտեսական քաոսով:
«Մարդկանց ուշադրությունը շեղելու համար փորձում է սահմանային «հերոսություններով» դիվիդենտներ շահել եւ բնականաբար ստանում ու ստանալու է համարժեք պատասխան: Առնվազն մազոխիստ պետք է լինել հասկանալու համար, որ երբեք որեւէ անգամ Ադրբեջանը չի կարող ռազմական գերակայություն ունենալ Հայաստանի հանդեպ, դա շատ պարզ է:
Ասեմ, որ պարզ է նաեւ Ադրբեջանի կողմից այս ագրեսիայի իրական դրդապատճառները, դա Ադրբեջանում տիրող ներքաղաքական քաոսից ալիեւյան կլանի նկատմամբ հասունացող շատ լուրջ ընդվզումից հանրային ուշադրությունը շեղելու գործընթացն է, որի հետևանքով էլ զոհվում են ադրբեջանցի անմեղ զինվորները»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան